Մարո Գուլոյանի գործ. Հաջորդ պահանջը նախաքննությունը Երևան տեղափոխելն է
Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ըստ պաշտոնական վարկածի ինքնասպանության միջոցով մահացած Մարո Գուլոյանի գործով դատական նիստը: Հայցվոր կողմը դատարանից պահանջում էր վերաբացել քրեական գործով վարույթը, որը նախաքննական մարմնի որոշմամբ կարճվել էր:
Սակայն Գլխավոր դատախազությունն արդեն իսկ որոշել է վերաբացել քրեական գործի վարույթը և այդ գործով դատական նիստը այլևս ձևական է: Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց Մարո Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Մինասյանը, այսօրվա դատական նիստը հետաձգվել է մինչև հուլիսի 11-ը, քանի որ մյուս կողմն ու դատարանը դեռևս չեն ստացել Գլխավոր դատախազության որոշումը գործը վերաբացելու մասին: «Հուլիսի 11-ի նիստում արդեն դատավորը ձեռքի տակ կունենա գլխավոր դատախազության որոշումը և փաստորեն այդ նիստը արդեն ձևական կլինի», -մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մինասյանը:
Նրանք գոհ են, որ դատախազությունը ընդառաջ է գնացել իրենց պահանջին և որոշվել է վերսկսել նախաքննությունը: «Սակայն մենք այժմ ցանկանում ենք, որ նախաքննությունը Կոտայքի մարզից տեղափոխվի Երևան, որպեսզի այնտեղ ճնշումներ չլինեն», -հավելեց փաստաբանը:
21-ամյա Մարո Գուլոյանին լոգարանում պարանից կախված էին գտել Կոտայքի մարզի Առինջ գյուղում, 2012-ի հուլիսի 12-ին: Ամուսինը՝ Գևորգ Գուլոյանը, դաժան ծեծերի է ենթարկել նրան։ Մարոն, չդիմանալով ուզել է բաժանվել ամուսնուց, բայց վախեցել է, ամուսինը սպառնացել է «մորթել եղբորը», եթե Մարոն իրենց տանից դուրս գա։ Խոսակցություններ կան, որ մահվանից 20 րոպե առաջ Մարոն զանգահարել է իր զույգ եղբորը` Մհեր Թովմասյանին, կանչել իր մոտ և ասել, որ ուզում է բաժանվել ամուսնուց: Խնդրել է երեկոյան ծնողների հետ գալ իր և երեխայի հետևից: Եղբոր հետ հանդիպումից կես ժամ անց հարազատներին տեղեկացրել են, որ Մարոն ինքնասպանության փորձ է արել և նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ աղջիկը մահացել է: Մարոյի հարազատները համոզված են, որ եղբոր գնալուց հետո ամուսինը սպանել է նրան: Նրանք չեն հավատում ինքնասպանության վարկածին և ասում են, որ աղջկա պարանոցին պարանի հետքեր չեն, այլ՝ մատնահետքեր: Հարազատները կասկածում են, որ Մարոյին խեղդել է ամուսինը: Մարոյի ամուսինը ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի ազգականն է:
Մարո Գուլոյանի քրեական գործի վարույթը վերաբացվելու է