Ծուխն առանց կրակ չի լինում. ՍԴ նախագահը՝ փաստաբանների դժգոհության մասին
Վճռաբեկ դատարանից փաստաբանական կորպուսի մի հատվածի դժգոհությունները և, դրա արդյունքում, երկու օր հայտարարված գործադուլը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի կարծիքով առանց պատճառի չի եղել:
«Վճռաբեկ դատարանի նկատմամբ որևէ ազդեցություն չունեմ գործառնական առումով, բայց ես տեսնում եմ խնդիր: Ծուխը առանց կրակ չի լինում: Կամ սխալ է ընկալվում, կամ սխալ է մեկնաբանվում, կամ խնդիր կա, որը դեռևս լուծում չունի», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Վերջին մի քանի տարում 57 օրենքներ Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական, ՍԴ նախագահի խոսքով, շատ է զարմացրել իրենց եվրոպացի գործընկերներին: Բարձր դատարանի նախագահը մատնանշում է մեկ այլ հանգամանք ևս. գործերի 20 տոկոսից ավելիի դեպքում կողմերը միջնորդել են դատարանին կասեցնել գործի վարույթը՝ այդ օրենքի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար, սակայն վարույթը չի կասեցվել. քննվել է, կիրառվել է նորմը բայց սահմանադրական դատարանում պարզվել է, որ նորմը հակասահմանադրական է:
«Այս պարագայում ակնհայտորեն մարդու իրավունք է խախտվում: Մենք դատարաններից տարեկան 1-2 դիմում չենք ստանում, երբ դատարաններն իրենք կարող էին հիմնավոր կասկածի դեպքում կասեցնել գործի վարույթը և դիմել Սահմանադրական դատարան: Դա տեղի չի ունենում, պատճառները տարբեր են: Հիմնարար պատճառը անհատական դիմումների համակարգի անկատար լինելն է: 2005-ի Սահմանադրական բարեփոխումների արդյունքում որոշ առաջընթաց եղավ այդ իմաստով, սակայն դա կիսաքայլ էր: Եթե ապագայում քայլ արվի ու ամբողջական համակարգ ներդրվի, ապա նման խնդիր չի առաջանա: Իմ խորին համոզմամբ, եթե մենք կարողանանք անհատական դիմումների համակարգը օրենսդրորեն դարձնել առավել կատարյալ համակարգ, խնդիրների մեծ մասը ինքնին կլուծվեն պրակտիկայում», -հավելել է Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին