Արտակ Բուդաղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել
ՊՆ Ասկերանի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը»: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի տեղեկացրեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:
Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
«Բացարձակ ապօրինություն է և մյուս կողմին պաշտպանելու նպատակ է հետապնդում». մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց պարոն Ալումյանը:
Արտակ Բուդաղյանին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ եղբորից՝ Ավետիք Բուդաղյանից, տեղեկանալով Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում նրան ծեծելու մասին, մեքենայով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է արել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:
Գորիսում հունիսի 1-ին տեղի ունեցածի կապակցությամբ, երբ մահացել էր Ավետիք Բուդաղյանը, հարուցվել էր քրեական գործ, կալանավորված են Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Վերջինները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանում են և, ինչպես ավելի վաղ հայտարարել էր զինդատախազը, մինչև նախաքննության ավարտը մնալու են այնտեղ:
Կարդացեք նաև՝
Սուրիկ Խաչատրյանի որդու արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել. Փաստաբանը հաստատում է