Վթար` «ձեռքի սարքած» «Կամազով»
Դատարանը որոշել է կալանավորել Պոդոլսկում տեղի ունեցած և 18 մարդկանց մահվան պատճառ դարձած խոշոր վթարի ենթադրյալ մեղավոր Հրաչյա Հարությունյանին: Այսպես ներկայացնում է «Գազետա.ռու»-ն:
Հայաստանի 46-ամյա քաղաքացին չի ճանաչել իր մեղքը դատարանում: Նիստի ընթացքում նրան ուղեկցում էր թարգմանիչը, քանի որ ենթադրյալ մեղավորը լավ չի տիրապետում ռուսերենին: Նա ճնշված տեսք ուներ և նույնիսկ արտասվում էր: Հարությունյանի պաշտպանը պնդում է, որ պատահարի օրը խճաքար տեղափոխող «Կամազի» արգելակները խափանված էին:
Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան դատարանը որոշում էր կայացրել «Կամազ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ: Պատահարի հետևանքով 18 մարդ է զոհվել, ավելի քանը 50-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Վարորդը կալանքի տակ կգտնվի նվազագույնը մինչև սեպտեմբերի 13-ը:
Կալանավորումն, ինչպես նշում է աղբյուրը, նախաձեռնել է Մոսկվայի ՆԳՆ Գլխավոր քննչական վարչությունը: Քննություն իրականացնող մարմինը պնդում էր, որ Հարությունյանը այլ երկրի քաղաքացի է և չունի մշտական բնակության կամ աշխատանքի վայր ՌԴ-ում. գտնվելով ազատության մեջ` նա կարող է թաքնվել, իսկ նրա արարքի վտանգի աստիճանը բարձր է: Դատարանում գերատեսչությունը ներկայացնում էր քննիչ Ստանիսլավ Լագոյկոն, ով զբաղվում էր «ԼՈՒԿօյլ» նավթային ընկերության փոխնախագահի մեքենայի մասնկացությամբ տեղի ունեցած աղմկահարույց վթարի դեպքի առնչությամբ հարուցված գործով:
Նշվում է, որ հյուծված և նիհար այդ տղամարդու հագին ծաղկավոր հիվադանոցային խալաթ էր և հողաթափեր: Բժիշկների խոսքերով` վթարից հետո Հարությունյանի մոտ հայտնաբերվել էր փափուկ հյուսվածքների վնասվածք, արմնկոսկրի փակ կոտրվածք և կրծքավանդակի վնասվածք:
Հարությունյանը դատարանի նիստի ժամանակ հիմնականում լռում էր` գլուխը առած ափերի մեջ: Նրա աչքերի կարմրությունից երևում էր, որ շատ էր արտասվել:
Աղբյուրը հայտնում է, որ դատավորը նրան մի շարք հարցեր էր ուղղել` նրա ինքնությունը պարզելու համար: Պատասխաններից հետևում էր, որ նա ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 2-ին, նախկինում դատված չի եղել: Հարությունյանը Երևանի բնակիչ է և ունի 8-ամյա կրթություն: Նրա խնամքի տակ են գտնվում հաշմանդամ հայրը և կինը: Հարությունյանը չի համաձայնել դատարանի կողմից իրեն կալանավորելու մասին որոշման հետ: Դատախազը պաշտպանեց քննիչին Հարությունյանի կալանավորման հարցում:
Վարորդի դատապաշտպանն իր հերթին նշել է, որ կալանավորման համար պատճառներ չկան. նա կասկածվում է ոչ դիտավորյալ կատարված հանցագործության մեջ, որի ծանրությունը չի կարող պատճառ հանդիսանալ նրան քննչական մեկուսարան ուղարկելու համար:
Բացի այդ, ըստ իրավաբանի, որևէ վկայություն այն մասին, որ «ԿամԱԶ»-ի վարորդը թաքնվելու փորձ արած լինի կամ էլ ինչ-որ մեկի վրա ճնշում գործադրի, նույնպես չկա:
Պաշտպանական կողմը ընդգծել է, որ վթարի օրը «ԿամԱԶ»-ի արգելակները չեն աշխատել: Վարորդն իր բոլոր հնարավորությունները օգտագործել է բախումից խուսափելու համար, շրջել է մեքենան, սակայն բախումը տեղի է ունեցել: Փաստաբանները նշեցին, որ վարորդը պարտավոր չէ հետևել մեքենայի տեխնիկական վիճակին, այդ պարտավորությունը կրում է ընկերությունը, որին և պատկանում է մեքենան: Իսկ այդ ընկերության անվանումը նա, սակայն, չկարողացավ հիշել: Իրավաբանները համոզված են, որ Հարությունյանն ընկերության աշխատակիցների անպարտաճանաչության զոհ է դարձել: Պաշտպանի տվյալներով` վարորդը նստել է «ԿամԱԶի» ղեկին իր կյանքում երրորդ անգամ, իսկ մեքենան ինքնաշեն էր և հավաքված էր այլ մեքենաների մասերից:
Աղբյուրը նշում է, որ Հրաչյա Հարությունյանը սկզբից զոհված է համարվել, սակայն պատահարից մի քանի ժամ անց պարզվել է, որ նա փրկվել է: Կիրակի երեկոյան քննիչները փորձել են հիվանդանոցում գտնվող վարորդից ցուցմունք վերցնել: Նրան հատուկ այդ նպատակով դուրս են բերել արհեստական կոմայից, սակայն տղամարդը այդպես չի կարողացել ինչ-որ բան պատմել իրավապահ մարմիններին: ՆԳՆ-ում նշեցին, որ դրա պատճառը վարորդի վատ ինքնազգացողությունն է, սակայն բժիշկները պնդում էին, որ Հարությունյանի վիճակը թույլ էր տալիս նրան խոսել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները