Վան այցելած ՀՀ քաղաքացիներին բերման են ենթարկել Թուրքիայի ոստիկանության բաժանմունք
Թուրքիա այցելած Հայաստանի քաղաքացիներին Վանում ոստիկանությունը բերման է ենթարկել և երկար ժամանակ պահել ոստիկանության բաժանմունքում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ոստիկանությունում պահված քաղաքացիներից մեկը` «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը: Նրա հետ միասին եղել են նաև «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, հրատարակչության աշխատակցուհիներից մեկը:
«Վանի երկրաշարժից հետո նախորդ տարի դոմիկներ կային, իսկ այս տարի նույն տեղերում դոմիկները քչացել էին և կառուցվել էր բարձրահարկ բնակելի շինություն: Ես նկարահանում էի կառուցված բարձրահարկ շինությունը, սակայն երիտասարդ մի ոստիկան մոտեցավ ու ասաց, որ պետք չի նկարել: Հետո մեզ պահեցին արևի տակ, մինչև «դեպքի վայր» ժամանեցին Թուրքիայի Ազգային անվտանգության, հակաահաբեկչական ծառայությունից, ոստիկանության ծառայողներ եկան ու պարբերաբար մեզ համար անհասկանալի զանգեր էին կատարում: Այդպես արևի տակ մնացինք երեք ժամ», -ասաց Մհեր Արշակյանը:
Նրա խոսքով, Հայաստանի քաղաքացիների անձնագրերը երկար զննելուց հետո տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, որտեղ իրենք մնացել են շուրջ մեկ ժամ:
Ոստիկանությունում, Մհեր Արշակյանն ասաց, որ իրենց նկատմամբ լավ վերաբերմունք են ցուցաբերել, ծեծ չի եղել, ավելին «թեյ են հյուրասիրել»: «Մեզ Վուլքան հակասական անունով մի շատ բարի ոստիկան կես րոպեն մեկ զեկուցում էր, թե ինչ վիճակում է մեր գործը: Ես էդ խեղճ տղայի ոչ մի լավատեսական նախադասությանը չէի հավատում: Միշտ կարծում էի, թե փափուկ բարձ է դնում գլխներիս տակ, մինչև մտածեն, թե ինչ փորձանք բերեն գլխներիս», -ներկայացրեց լրագրողը:
Նա նաև ասաց, որ նկարահանած շենքի մասին տեսաժապավենը թուրք ոստիկանները չեն ջնջել, իսկ շենքը հետո պարզվել է, որ ոստիկանության սպաների բնակատեղին է, որն արգելված է նկարահանել: «Վանի ոստիկանության բաժանմունքում շուրջ մեկ ժամ պահելուց հետո հավանաբար պարզեցին ու հասկացան, որ մենք ահաբեկիչներ չենք և ազատ արձակեցին»,- եզրափակեց Մհեր Արշակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան