ԻԱԿ-ը դատարան է կանչում քաղաքապետարանին ու «Parking City Սերվիս»-ին
«Parking City Սերվիս»-ի և Երևանի քաղաքապետարանի դեմ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն այսօր մուտք եղավ դատարան։ Այդ մասին տեղեկացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը:
Իր ֆեյսբուքյան էջում տիկին Դոյդոյանը ներկայացնում է ԻԱԿ պահանջները.
- Ճանաչել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը:
- Պահանջվող տեղեկատվության տրամադրումը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ` Հենրիկ Նավասարդյանի և «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ տնօրեն` Վազգեն Հարությունյանի կողմից մերժելու համար վերջիններիս ենթարկել վարչական պատասխանատվության, յուրաքանչյուրին 50.000 դրամի չափով:
- Պարտավորեցնել պատասխանողներին, տրամադրել Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված յուրաքանչյուր տեսախցիկի տեղադրման համար հիմք հանդիսացած իրավական ակտի (օրենք, որոշում, կարգադրություն և այլն) պատճենը:
- Միաժամանակ խնդրում եմ պատասխանողից բռնագանձել դատական ծախսերի գումարը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում է կատարել Երևան քաղաքում ավտոկայանատեղիների հետ կապված հարցերով զբաղվող «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությանը` փորձելով տեղեկանալ գործունեության մասին: Սակայն «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունից պատասխանել են, որ ««Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն ընկերությունը հանրային նշանակության կազմակերպություն չէ, քանի որ ընկերությունը հանրությանը ծառայություն չի մատուցում և ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք չունի, հետևաբար «Տեղեկատվության ազատության մասին օրենքը» Ընկերության վրա չի տարածվում և ընկերությունը պարտավորություն չունի տրամադրել տեղեկություն»:
Այսինքն` «Parking City Service-ը համարել էր, որ իրենք հանրությանը ծառայություններ չեն մատուցում, հետևաբար տեղեկություն տրամադրելու պարտականություն չունեն:
Կարդացեք նաև` ԻԱԿ-ը դատի կտա «Փարքինգ Սիթի Սերվիս»-ին