Փաստաբանը Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել
Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ, Սուրիկկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի մասով քրեական գործը կաճելու, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և խափանման միջոց կալանքը վերացնելու մասին: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ռուբեն Սահակյանը:
«Շատ ձգվեց, այդքան չպետք է ձգվեր»,- ասաց պարոն Սահակյանը:
Գորիսում հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նախկին մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը ու թիկնապահը` Զարզանդ Նիկողոսյանը մեղադրվում են շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար: Նրանք կալանավորվել էին դեպքից հետո և մինչ այժմ գտնվում են « Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նշենք նաև, որ նՆախաքննության ժամանակ պարզվել էր, որ դեպքի օրը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին եղել է թմրանյութի ազդեցության տակ: Տեղեկացնենք նաև, որ այս գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել նաև այդ օրը մահացած Ավետիք Բուդաղյանի եղբայր, Ասկերանի զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի նկատմամբ այն բանի համար, որ սպանության սպառնալիքներ է արել Սուրիկ Խաչատրյանի ու նրա հարազատների հասցեին:
Նախաքննության ընթացքից, ընդհանուր առմամբ, Ռուբեն Սահակյանը դժգոհ է, քանի որ նրա խոսքով, իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը «ակնհայտ ապօրինի» մեղադրանք է: «Ո՛չ Տիգրան Խաչատրյանի և ո՛չ էլ Զարզանդ Նիկողոսյանի (թեպետ ես նրա պաշտպանը չեմ), արարքներում չկան այն հանցակազմերը, որոնք վերագրվել են այդ երկու անձանց»,- մեզ հետ զրույցում ասաց Ռուբեն Սահակյանը:
Նրա համար տարօրինակ է` ինչպե՞ս կարելի է հիմնավորված, օրինական ու պատճառաբանված համարել մեղադրանքը, եթե Արտակ Բուդաղյանը և Սուրիկ Խաչատրյանի մյուս թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը ստացել են մեկական մարմնական վնասվածք: «Յուրաքանչյուրին մեկական կրակոց, բայց մեղադրել երկու հոգու, տրամաբանությունը ո՞րն է: Ես տրամաբանություն չեմ տեսնում: Չի կարելի երկու հոգու մեղադրանք առաջադրել, նույն արարքի համար, եթե ընդամենը մեկ կրակոց է ստացել տուժողը»,- նկատեց Տիգրան Խաչատրյանի փաստաբանը:
Ռուբեն Սահակյանի խոսքով՝ իր պաշտպանյալ Տիգրան Խաչատրյանը Բուդաղյան եղբայրների հետ որևէ խնդիր չի ունեցել: «Եթե որևէ խնդիր ունենար, այդ մասին մամուլը վաղուց գրած կլիներ»,- հավելեց փաստաբանը:
Մեր դիտարկմանը, թե մամուլը գրում էր, որ նրա հայրն ուներ խնդիր, հետևաբար այդ խնդիրը նաև իրենը կարող էր լինել, Սահակյանը արձագանքեց. «Մամուլն ինչ ասես, գրել է, առանց մտածելու` որն է ճշմարիտ, որը ճշմարիտ չի: Ով ինչ ասել է, արձանագրել են, առանց փաստեր ու հանգամանքներ ճշտելու: Օրինակ, որ ասում են Բուդաղյան եղբայրներին կրակել են մեջքից, դա պատասխանատու հայտարարություն է, ասողը չի՞ մտածում` իսկ այդ վնասվածքները մեջքից ե՞ն, թե՞ առջևից, թե՞ մեր հրազենները ունեն ունակություն` շրջանցել մարմինը 180 աստիճան ու հետո մխրճվել մարմնի մեջ: Ասողն այդ բանը հասկանում է չէ՞, բայց, համենայնդեպս, ասում է: Իսկ մամուլի որոշ միջոցներ էլ վերցնում գրում են ու հարց չեն տալիս` իսկ առջևից է՞, կամ հետևից է՞ վնասվածքը: Եթե հետևից է, ես կասեմ թիկունքից է, իսկ եթե վնասվածքը առջևից է, ես չեմ կարող ասել, որ վնասվածքը հասցվել է թիկունքից»:
Նա նաև ասաց, որ ինքը, որպես կողմերից մեկի պաշտպան, արդեն պարզել է` ինչ է կատարվել այդ օրը, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով, հրաժարվեց ներկայացնել:
Կարդացեք նաև` Բուդաղյանների պաշտպանը ներկա կգտնվի փորձաքննությանը. Նրանց միջնորդությունները բավարարվել են
Արտակ Բուդաղյանն ասել է, որ զինված հարձակում չի գործել, և ես պարտավոր եմ նրան հավատալ. Արթուր Աղաբեկյան
Զինդատախազություն. Ինչ զենքեր են առգրավվել Ս.Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված քրգործի շրջանակներում
Արտակ Բուդաղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել