Քեմբրիջի համալսարանի շրջանավարտը «Նուբարաշեն»-ում է. Մայրը դժգոհում է Արմավիրի իրավապահներից ու նախագահից օգնություն խնդրում
«Լույս» հիմնադրամի կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանում ուսանած և մագիստրոսի աստիճան ստացած Արամ Մուղալյանն այժմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է: Նա մեղադրվում է խուլիգանության (ՀՀ Քր. Օր. 258 հոդված) և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու (ՀՀ Քր. Օր 185 հոդված) համար:
Արամի մայրը` Վարդուհի Շափաղաթյանը, պնդում է, որ չհիմնավորված մեղադրանք են ներկայացրել որդու նկատմամբ, ինչի արդյունքում երիտասարադը չորս ամիս է, ինչ կալանավայրում է: Տիկին Վարդուհին նամակ է գրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որում նշվում է հետևյալը. «Ձեր հովանավորությամբ և «Լույս» հիմնադրամի ու Քեմբրիջի համալսարանի կրթաթոշակով իմ որդին` Արամ Մուղալյանը, դարձել է Քեմբրիջի համալսարանի մագիստրոս, Ձեր հայրենասիրական կանչին անսալով` եկել է Հայաստան և լծվել աշխատանքի:
Այսօր նա Արմավիրի մարզի իրավապահների բազմաթիվ կեղծարարությունների շնորհիվ 4 ամիս ու 5 օր է, ինչ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում`որևէ փաստով չհիմնավորված մեղադրանքով. իբրև գյուղին հարակից ամայի վայրում, առանց որևէ մեկի ներկայության, գետնին թափված ոչ պիտանի ծղոտ են վառել, գոյություն չունեցող խոտի դեզ այրելու փորձ կատարել: Սա առնվազն զավեշտական է: Եվ այս անհիմն ենթադրությունների համար ներկայացված պատժաչափը մինչև 4 տարվա ազատազրկում է նախատեսում: Այստեղ, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:
Նախաքննության սկզբում 18 օր շարունակ տղաս ու իր ընկերները` բոլորն էլ բարձրագույն կրթությամբ, գտնվել են ազատության մեջ և որևէ ձևով չեն խոչընդոտել քննչական աշխատանքներին: Մոտ 3 շաբաթ հետո միայն մեզ անհայտ պատճառներով նրանց նկատմամբ ընդունվել է կալանքի անօրինական և անտրամաբանական որոշում:
Թե ինչպես հկիմնավորեն իրենց հակաօրինական գործողությունները, Արմավիրի իրավապահները կալանքը իրականացնելուց հետո են սկսել մտածել: Այս պարագայում երկար խորհելու կարիք էլ չկար, քանի որ վաղուց ի վեր գործում է իրեն գրեթե միշտ արդարացրած մեթոդը`«մշակել» տղաներին: Եվ սկսվում են սպառնալիքներով լեցուն բացատրական աշխատանքները տղաների ու ծնողների հետ: Բայց ապարդյուն:
Տղաներից մեկը, գտնվելով անազատության մեջ, հոգեկան խանգարում է ստանում: Միայն թերթերի բարձրացրած աղմուկից հետո նրան գրավով բաց են թողնում: Իսկ մյուս երեքը դեռ կալանքի տակ են:
Հասկանալի են Արմավիրի մարզի դատախազության ու քննչականի հետագա գործողությունները ևս. տղաներից ոչինչ չստացվեց, ուստի պետք է «մշակել» ու՞մ: Իհարկե տուժող կողմին` միամիտ գյուղացուն, որը ամիսներ շարունակ գրում և ամենուր բարձրաձայնում էր, որ իրեն նյութական վնաս չի պատճառվել , անասունները կերել են խոտի դեզը և ինքը բողոք չունի:
Այստեղ Արմավիրի իրավապահների բախտը բերում է. ամիսներ անց տուժող գյուղացին «հանկարծ հիշում է», որ իրեն 36000 դրամի վնաս է պատճառվել. իբրև մոտ 30 կապ խոտ է ծխահարվել ու կենդանիները չեն կերել (բնականաբար սա որևէ արձանագրությամբ հիմնավորված չէ), իսկ շան մազը տեղ-տեղ խանձվել է, որի հետևանքով հոտին «լավ չի առաջնորդում» (գործում կա արձանագրություն, ըստ որի` «շունը աշխույժ վիճակում է, շարժվում է ու հաչում»):
Ստացվում է, որ ցանկացած չբացահայտված գործ հանգիստ կարելի է կարել-կպցնել ոչ ճիշտ պահի, ոչ ճիշտ տեղոււմ հայտնված դյուրահավատ մարդուն և վերադասներին «հրաշալի» կատարողական ցույց տալ:
Այսպիսին է իրավիճակը: Գործը արդեն մտել է դատարան: Տեսնելով այս աբսուրդը` դեռ հույս ունեմ, որ թյուրիմացություններն ու կեղծիքները կբացահայտվեն, և տղաները կարդարացվեն:
Մեծ հավատով ու վստահությամբ խնդրում եմ Ձեր աջակցությունը ապօրինի կալանքը վերացնելու, տղաներին գրավով տուն թողնելու և անաչառ դատավարություն ապահովելու հարցում»:
Արամ Մուղալյանի փաստաբան Վահե Գաբրիելյանը «ծիծաղելի» է համարում անհիմն մեղադրանքի հիման վրա հարուցված քրեական գործը: «Որևէ ապացույց գործում առա չէ, որը կհիմնավորի մեադրանքը: Նույնիսկ գործով տուժողի և վկաների ցուցմունքներից ակնառու է, որ վերջիններիս նկատմամբ ազդեցություն եղել է, քանի որ սկզբում տուժողը և նրա ընտանիքի անդամները հայտարարում են, որ իրենց որևէ վնաս չի պատճառվել, իսկ հետո, երբ արդեն ձերբակալում են տղաներին, արդեն նրանց ցուցմունքները փոխվում են, հայտարարում են, որ վնաս կրել են: Սակայն բացի տուժողի հայտարարությունից, այլ ապացույցել չկա գործի նյութերում», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Նրա խոսքով` այդ ամենից բացի, գործում որևէ ապացույց չկա, որը կհիմնավորեր տղաների` դեպքի վայրում գտնվելը: