Արտակ Կարապետյանն ու Տիգրան Առաքելյանը գետնին էին ընկած, ոստիկաններն էլ՝ նրանց վրա հարվածում էին. Վկայություն դատարանում
Այսօր Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ հարցաքննվեց պաշտպանական կողմի միջնորդությամբ հրավիրված, նախկինում տղաների հետ նույն գործով անցած Սահակ Մուրադյանը, որի մասով քրեական գործը ավելի վաղ կարճվել էր` հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք` նախորդ դատական նիստի ընթացքում նիստը նախագահող դատավոր դատավոր Եվա Դարբինյանը մասնակի բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը` 6 վկաներ դատակոչելու մասին և այսօր վկայություն տալու համար դատակոչվել են միայն երեքը` Վահագն Գևորգյանը, Արեգ Գևորգյանը և Սահակ Մուրադյանը:
«Օգոստոսի 9-ին ժամը 9-ի սահմաններում Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Վահագն Գևորգյանի, Մարիամ Մուրադյանի, Էմանուելլա Գրիգորյանի, Եվա Թովմասյանի հետ զբոսնում էի Կարապի լճի հարակից տարածքում: Աղմուկ լսեցինք, տեսանք, որ ոստիկաններն էլ են շարժվել այդ ուղղությամբ, հետաքրքրությունից դրդված՝ գնացինք այնտեղ և տեսանք, թե ինչպես են Արտակ Կարապետյանն ու Տիգրան Առաքելյանը գետնին ընկած, ոստիկաններն էլ՝ նրանց վրա, հարվածում էին: Մենք որ մոտեցանք, ոստիկանները սկսեցին գոռալ՝ ըհն լևոնականները շատացան։ Դրանից հետո մոտիկացավ ոստիկանության պաշտոնյա, նորից սկսվեց հրմշտոց, որից հետո իմ ձեռքերը ծալեցին, ձեռնաշղթաներ հագցրեցին: Տեսանք, որ Տիգրան Առաքելյանը գետնին է ընկած, իսկ բերետավորներն էլ հարվածում էին նրան»,- դատարանում վկայություն տալու ժամանակ պատմեց Սահակ Մուրադյանը:
Այնուհետև վկան նշեց, որ իրեն ու Դավիթ Քիրամիջյանին նստեցրել են ոստիկանական մեքենա: «Տեսա, որ Դավիթի ճակատին բացված վերք կար. բերետավորը դուռը բացեց, հարվածեց Դավիթի գլխին»,- հիշեց Մուրադյանը:
Պաշտպանական կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ստեփան Ոսկանյանը Սահակից հետաքրքրվեց, թե ոստիկաններն իրենց բացատրե՞լ են, թե ինչու են բերման ենթարկում, Սահակը պատասխանեց. «Ոչ մի պազաբանում չի եղել, մի քանի անգամ մեքենայի մեջ հարցրել եմ՝ բաժին ե՞ք տանում, պատասխանել են՝ ձենդ կտրի, նստի, թե չէ ավելի վատ կլինի»:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանի դիմաց մի խումբ մարդիկ, քաղաքացիներ պահանջում են ազատ արձակել Տիգրան Առաքելյանին, ով արդեն երկու տարի է անազատության մեջ է:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը` դատավոր Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ որոշել էր ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը բեկանել և գործը կրկին ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանի որոշման հիմքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված քրեադատավարական նորմերի խախտումներն են եղել:
Հիշեցնենք` ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, 2012-ի նոյեմբերի 13-ին մերժել էր Հայ Ազգային Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի բողոքները, որով պահանջվում էր բեկանել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և կայացնել արդարացման դատավճիռ: Սակայն Վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ էր թողել առաջին ատյանի վճիռը:
Նշենք, որ ըստ առաջին ատյանի դատարանի վճռի, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման:
Կարդացեք նաև`
Դատավոր Եվա Դարբինյանը չընդունեց Տիգրան Առաքելյանի ծաղիկները
Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստների գործի քննությունը մեկնարկեց Առաքելյանի ու դատավորի միջև անհամաձայնությամբ