Աղվան Հովսեփյանը համբուրեց դատախազության դուռը, խոնարհվեց դրա դիմաց ու քայլելով գնաց տուն (տեսանյութ)
Այսօր գլխավոր դատախազության շենքի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հրաժեշտ տալու համար հավաքվել էին դատախազության համակարգի աշխատողները: Շենքից դուրս գալով, արդեն նախկին պաշտոնյան համբուրեց դատախազության դուռը, ձեռքերը միացրեց, ինչպես աղոթքի ժամանակ, խոնարհվեց ու մոտեցավ դատախազության աշխատակիցներին:
Նրանց բոլորին մեկ առ մեկ ձեռքով հրաժեշտ տալուց հետո Հովսեփյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Ասաց, որ դատախազության համակարգում աշխատում է շուրջ 40 տարի, որից 15 տարին ղեկավարում է դատախազության համակարգը:
«Շնորհակալ եմ Աստծուն, ճակատագրին, որ ինձ բախտ է վիճակվել իմ մասնագիտությամբ զբաղեցնել այդպիսի բարձր պաշտոն և ծառայել իմ պետականությանը, հայրենիքին: Այդ տարիների ընթացքում, վկա է Աստված, արել եմ ամեն ինչ, որպեսզի համակարգը կայանա, և բոլոր խնդիրները, որոնք դրված են եղել դատախազության առջև, լուծվեն արդարադատության, օրենսդրության սահմաններում: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել հայ ժողովրդին, իմ բոլոր ընկերներին, կառավարությանը, Ազգային ժողովին, իմ ընտանիքի անդամներին, Ձեզ, հարգելի լրագրողներ, որ այդ տարիների ընթացքում, իսկ այդ պաշտոնավարությունը եղել է շատ դժվար տարիների ընթացքում, Ձեր օգնությամբ ու բոլորի օգնությամբ ես հնարավորություն եմ ունեցել կատարելու իմ պարտականությունները որպես գլխավոր դատախազ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հովսեփյանը:
Նա ասաց, որ իր ղեկավարման տարիներին դատախազական համակարգը կայացել է, և կարգավորվում է միջազգային ստանդարտներին համահունչ օրենսդրությամբ, ու գոհ կլիներ, որ նորանշանակ դատախազը պահպաներ այդ ամենը:
Լրագրողը հետաքրքրվեց, թե որտեղ է աշխատելու հետագայում և արդյոք շարունակելու է հասարակական գործունեությունը: Ի պատասխան, Հովսեփյանն արձագանքեց. «Հասարակական գործունեությունը ակտիվ եմ շարունակելու: Ցավոք սրտի մեր հասարակության մեջ թույն կաթացնողները շատ են և օր օրի վրա ավելանում են: Այն, ինչ ես անում եմ ուղղակի հակաթույն է մեր հանրությունը թունավորելու դեմ և ամեն ինչ անելու եմ, որ մեր հասարակությունը առողջ ապրի»:
Ինչ վերաբերում է հետագա պաշտոնավարմանը, Հովսեփյանը ոչինչ հստակ չասաց, ուղղակի նկատեց. «Մենք դեռ միասին աշխատելու ենք»:
Լրագրողների հետ կարճատև զրույցից հետո Աղվան Հովսեփյանը վերցրեց պիջակը և քայլեց Վազգեն Սարգսյան, այնուհետև Ամիրյան փողոցով դեպի Սարյան փողոց, իր տուն: Նրա հետևից սակայն, երբ քայլում էր փողոցով, գնում էին անվտանգության երկու աշխատակիցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում