«Քցվել եմ». Հուսիկ Արան զրկվել է ստեղծագործողների համար կառուցվող բնակարանից (տեսանյութ)
Արձակագիր, բանաստեղծ, լրագրող Ֆելիքս Եղիազարյանը, որի գրական կեղծանունը Հուսիկ Արա է, իր համար շատ անակնկալ տեղեկացել է, որ զրկվել է Զեյթուն վարչական շրջանում կառուցվող բնակարանից: Հիշեցնենք` ՀՀ նախագահի երաշխավորությամբ գրողների, նկարիչների, ստեղծագործողների համար բնակարաններհատկացվում են մատչելի պայմաններով` վարկային ցածր տոկոսադրույքներով:
Հուսիկ Արան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, որ հայտարարվող մատչելի պայմաններով բնակարան գնելու առաջարկ Գրողների միությունը ստացել է 2010 թվականին, ինչն էլ գրողների շրջանում ոգևորություն է առաջացրել: «Ասացին, որ շենքը կառուցվում է, և այդ մատչելիությունը ՀՀ նախագահի երաշխավորությամբ է և իր բարի կամքի դրսևորումն է, որ նման մատչելի պայմաններով Ձեզ բնակարան ձեռք բերելու հնարավորություն է ընձեռվում», -ներկայացրեց արձակագիրը ու ասաց, որ այդ ժամանակ ստացած մրցանակը և հարազատ-բարեկամներից պարտք վերցրած գումարով` 1 մլն 615 հազար դրամ, վճարել է 1 սենյականոց բնակարանի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի համար:
Այնուհետև դիմել է «ՎՏԲ-Հաայստան Բանկ», որտեղ հաստատել են բանաստեղծի վարկը, որտեղից ստացված տեղեկանքը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում, քանի որ ԵՊՀ շրջանավարտներին են տրամադրում մատչելի պայմաններով բնակարանները:
«Բանկից ասացին, որ հիմա պետք չէ վճարումներ կատարել. երբ շենքը որոշակի աստիճանի կառուցվի, նոր միայն սկսվի բանկի վարկավորումը», -փոխանցեց Հուսիկ Արան: Նրա խոսքով, մի քանի ամիս առաջ իրեն հրավիրել են, որպեսզի բնակարանի ներքին հարդարման աշխատանքները քննարկեն, սակայն այդքանից հետո հոկտեմբերի մեկին ԵՊՀ-ից զանգ է ստանում, որով տեղեկացնում են, որ բնակարանն այլևս իրենը չէ:
«Ես նույն օրը դիմել եմ նախագահին բաց նամակով, որտեղ պատճառաբանել եմ, թե ինչու եմ իրեն դիմել, որովհետև մեզ ասել են` դուք եք շենքի կառուցման երաշխավորը: Եթե մեկ տարի յոթ ամիս է` իմ գումարը` 1 մլն 615 հազար դրամը դրված է բանկում, եթե ես ինքս դրած լինեի բանկում 12 տոկոս գումար կավելանար վրան: Պարզվում է` այս ամենի արդյունքում ես քցվեցի»,- հավելեց արձակագիրը:
Նրա խոսքով, եթե բնակարանների թիրախային խումբ հանդիսացող ստեղծագործողներըւ չեն կարողանում վճարումներ կատարել, տրամադրում են այլ անձանց: «Ում` չգիտեմ, բայց ոչ գրողի: Դա գիտեք, Քարամյանն է այդ ամբողջի տնօրինողը և ԵՊՀ-ի իրավաբան Արմենը», -ասաց արձակագիրը:
Նկատենք, որ նրա նշած Քարամյանը ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն է: Վերջինիցս փորձեցինք մեկնաբանություն ստանալ, սակայն նա չպատասխանեց հեռախոսազանգերին:
Մանրամասները` տեսանյութում: