Յուրի Վարդանյանի որդին մասնակի ընդունում է մեղքը
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու` այժմ կալանքի տակ գտնվող Դավիթ Վարդանյանի նոր փաստաբան Վահան Հայրապետյանը անհեթեթություն է համարում այն տեղեկությունները, թե նախարարի որդուն թմրանյութ տեղափոխելու կասկածանքով հայ-իրանական սահմանին ձերբակալել են Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահները։
«Անհեթեթ է` ինչպես կարելի է հերոս մարդու որդու վերաբերյալ նման տեղեկություններ տարածել: Չի կարելի չէ, վերջիվերջո: Ոնց կարելի է այդպիսի մարդու նկատմամբ ինչ ուզենան, գրեն: Մեր Էջմիածնի խաչը վկա, նման բան չկա», - Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբանը` հրաժարվելով նախաքննության գաղտնիությունից ելնելով այլ տեղեկություններ տրամադրել:
Նկատենք, որ այդ տեղեկությունը գրել էր «Ժողովուրդ» օրաթեթրը` նշելով, որ «Իրանի իրավապահները ճշտելով, որ Դավիթ Վարդանյանը ՀՀ քաղաքացի է, բարձրաստիճան պաշտոնյայի որդի, ավելորդ աղմուկից խուսափելու համար անմիջապես հետ են ուղարկել ՀՀ՝ միաժամանակ հայ սահմանապահներին տեղեկացնելով կատարվածի մասին ու հորդորելով, որ նրանք ձերբակալեն Դավիթ Վարդանյանին։ Իսկ իրանցիներն այդպես են վարվել, քանի որ իրենց երկրում թմրանյութ պահելու համար մարդուն ենթարկում են մահապատժի, և որպեսզի ՀՀ քաղաքացուն մահապատժի չդատապարտեն, գերադասել են «հանձնել» հայրենի իրավապահներին»:
Մեր հարցին, թե Դավիթ Վարդանյանը ընդունում է իր մեղքը, Հայրապետյանն ի պատասխան ասաց, որ իր պաշտպանյալը մեղքն ընդունում է մասնակի և դարձյալ հրաժարվեց ասել, թե հատկապես որ մասով չի ընդունում Վարդանյանն իր մեղքը:
Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը» և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «թմրամիջոցների մաքսանենգությունը»: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի որդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր երկամսյա կալանքը: Հոկտեմբերի 16-ին հարուցված քրեական գործն ուղարկվել էր քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերի քննության վարչության վարույթ: