Երթուղայինի վարորդը կանչվել է ՃՈ, կազմվել է վարչական արձանագրություն (Տեսանյութ)
37 համարի երթուղայինում տեղի ունեցածը սոցցանցերի շատ օգտատերերի ուշադրությունն այսօր իր վրա էր սևեռել: Ուղևորի չծխելու խնդրանք-պահանջին ի պատասխան երթուղային գտնվող մի կին ներկայացել էր որպես վարորդի քույր ու հարձակվել պահանջատիրոջ վրա: Տեղի ունեցածին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը:
«Երբ համացանցում դիտեցի այս տեսանյութը, անկեղծ ասած հիասթափություն ապրեցի վարորդի և վարորդի քույր ներկայացող կնոջ վարքագծից: Անմիջապես հրահանգեցի տեսչական անձնակազմին, որպեսզի շտապ հայտնաբերեն և ՃՈ 1-ին գումարտակ հրավիրեն 25 05 Տ պետհամարանիշի 37 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի վարորդին:
Վերը նշված մեքենայի վարորդը Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ 1980թ. ծնված Գագիկ Գևորգի Մուրադյանն է: Վարորդ Մուրադյանը հրավիրվեց ինձ մոտ, նրա նկատմամբ կազմվեց վարչական արձանագրություն ղեկին ծխախոտ ծխելու համար, վարորդ Մուրադյանը նախազգուշացվել է նմանատիպ վարքագիծ ցուցաբերելու դեպքում ՃՈ-ն հետևողական կլինի նրա վարքագծին»:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին անհապաղ քայլեր ձեռնարկել պայմանագրային պարտավորությունը խախտող ընկերության վարորդին համապատասխան տույժի ենթարկելու ուղղությամբ: Ընթացքի մասին կտեղեկացվի լրացուցիչ: