Ստորագրահավաք ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի
Այսօր առավոտից Ալ. Թամանյանի արձանի մոտ ստորագրահավաք է սկսվել ի պաշտպանություն կալանքի տակ գտնվող դերասան Վարդան Պետրոսյանի: «Աջակցում ենք Վարդան Պետրոսյանին» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ստորագրահավաքը կշարունակվի մինչև ժամը 17:00-ն: Նախօրեին երեկոյան նույնպես ստորագրահավաք էր կազմակերպվել, որի նպատակն է կանխել ճանաչված դերասանի նկատմամբ սանձազերծված նվաստացուցիչ գործողությունները:
«Խնդրում ենք անհապաղ ուշադրություն դարձնել Վարդան Պետրոսյանի ապօրինի կալանավորման հարցին և Ձեր իրավասության սահմաններում անել հնարավորը նրան փրկելու այս իրավիճակից: Վարդան Պետրոսյանի կարիքն ունի մեր երկիրը, մենք եւ հատկապես մեր մշակույթը և չենք կարող հանդուրժել որևէ ստոր արարք նրա նկատմամբ: Լիահույս ենք, որ ամենասեղմ ժամկետներում կզբաղվեք սիրված եւ ճանաչված արտիստի հարցով, ով այժմ վատառողջ է և շտապ օգնության կարիք ունի»,- ասված է ֆեյսբուքյան խմբի անդամների կողմից ՀՀ օմբուդսմենին հղած բաց նամակում:
Վարդան Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Այս արարքը ՀՀ Քրեական օրենսգրքով պատժվում է ազատազրկմամբ` 4-ից 10-ը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 9-ին բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը, և այժմ նա կալանքի տակ է:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների բախումից մահվան ելքով վթար էր տեղի ունեցել: Վարդան Պետրոսյանը վարել է «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան: Վթարի հետևանքով դերասան Վ. Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բացի Պետրոսյանից, վթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոցներ էր տեղափոխվել ևս 6 մարդ: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին: