Հայաստանում գրանցվում են դեպքեր, երբ կինն է ամուսնուն բռնության ենթարկում
Այս տարվա առաջին ինն ամիսներին Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 532 դեպք: Նման տվյալներ Panorama.am-ին տրամադրեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության ծառայությունից:
308-ի դեպքում կինը բռնության է ենթարկվել ամուսնու կողմից: 11 դեպք էլ գրանցվել է, երբ կանայք են բռնարարի դերում:
30-ի դեպքում զավակաները բռնության են ենթարկվել ծնողների կողմից, իսկ 70-ի դեպքում` զավակներն են բռնության ենթարկել ծնողներին:
«Մնացած դեպքերում բռնություններ կիրառվել են այլ հարազատների նկատմամբ, որոնք ապրում են մի հարկի տակ»,-ասացին ոստիկանությունից:
Նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 339 դեպք է գրանցվել:
«Վեց ամիսների ընթացքում ոստիկանություն է դիմել մոտ 2 հազար կին` ներկայացնելով դիմում բողոք իրենց նկատմամբ կատարված բռնության վերաբերյալ»,-նշում են ոստիկանությունից:
Ոստիկանությունը խոստանում է շարունակել հետևողական պայքարը ընտանեկան բռնության բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ: