Բարսելոնայում ազգությամբ հայ տղամարդը արտաքսվելուց առաջ ինքնասպանություն է գործել
Օրերս Բարսելոնայում արտառոց դեպք է տեղի ունեցել. Բարսելոնայի Zona Franca տարածքում գտնվող միգրանտների ճամբարային կենտրոնում ազգությամբ հայ մի տղամարդու են գտել կախված վիճակում: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին: Այդ մասին տեղեկացնում է իսպանական Lamarea.com-ը:
Nouscatalans.cat-ը իր հերթին գրում է, որ 42-ամյա ազգությամբ հայ տղամարդու անունը Արամայիս Մանուկյան է, որին ընկերական շրջապատում անվանել են Ալիկ, Zona Franca է տեղափոխվել տեղի ոստիկանության կողմից. Բարսելոնայում նրա կեցությունն ապօրինի է եղել և ճամբարում նա սպասել է, որպեսզի արտաքսման հերթը հասնի իրեն:
Ոստիկանությունում Lamarea.com-ի աղբյուրները հայտնել են, որ նա մեղադրվել է մի քանի հանցագործություններ կատարելու համար, մասնավորապես նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել զենք ունենալու, կողոպուտի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Իսպանական օրենսդրությամբ, եթե հանցանքի համար պատժաչափը չի գերազանցում վեց տարին, ապա դատավորը կարող է առանց դատի պահանջել արտաքսել մեղադրյալին, ինչը կատարվել է այս դեպքում: Եվ հենց արտաքսվելուց առաջ էլ ազգությամբ հայ տղամարդը ինքնասպանություն է գործել:
Ընդհանրապես, միգրանտների հետ կապված նման դեպքեր հաճախ են տեղի ունենում, և բացի այդ, ճամբարին կից բժշկական ծառայությունը պասիվ է բժշկական օգնություն տրամադրելու հարցում: Այդ կապակցությամբ Բարսելոնայի հայերի ասոցիացիան (Associació Armènia Ararat) դեկտեմբերի 9-ին ոստիկանության մոտ բողոքի ակցիա է իրականացնելու` «Արդարություն Ալիկի համար» (Justicia per Alik) պահանջով: