Վարդան Պետրոսյանի գործով քննիչի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում. ՀՔԾ
Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի կապակցությամբ դերասան Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործով ոստիկանության քննիչ Հայկ Հակոբյանի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՔԾ մամլո խոսնակ Միքայել Ահարոնյանը: Նշենք, որ ավելի վաղ այդ մասին տեղեկությունը լրատվամիջոցներին տարածել էր Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Միքայել Ահարոնյանը նաև ասաց, որ ՀՔԾ-ում քննիչի վերաբերյալ նյութերը նախապատրաստվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացրած դիմումի հիման վրա:
Նշենք, որ ավելի վաղ Նիկոլայ Բաղդասարյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում թվարկել էր հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը վարող Կոտայքի մարզի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից թույլ տված խախտումները: Փաստաբանը այդ խախտումների վերաբերյալ նամակ էր հղել Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, սակայն ծառայողական քննություն չէր նշանակվել և փոխոստիկանապետ, քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը հայտարարել էր, որ ոստիկանության քննիչ Հակոբյանը սխալներ թույլ չի տվել:
Նախորդող հրապարակում.
«Դեռասանն, մեյմունություն է անում». Վ. Պետրոսյանի փաստաբանը ոստիկանապետին խնդրում է պատժել քննիչ Հակոբյանին