Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձ կատարելու գործով կասկածյալներ են հայտնաբերվել
ԼՂՀ իրավապահ մարմինների և ՀՀ ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կատարված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հանդեպ մահափորձ կատարելու գործով կասկածյալներ են ի հայտ բերվել: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ գլխավոր դատախազությունից:
Կասկածյալներ են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 1974թ. ծնված Ա. Ավետյանը և 1979թ. ծնված Ս. Հարությունյանը, ովքեր Վիտալի Բալասանյանի հետ գտնվել են շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ:
Պատճառը, ըստ դատախազության տարածած հաղորդագրության, վերջինիս կողմից Ա. Ավետյանի եղբորը` Ս.Ավետյանին, ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելն է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեկտեմբերի 29-ին, ժամը 21.10-ին, Վիտալի Միքայելի Բալասանյանը բանավոր հաղորդում է տվել, որ իրեն պատկանող ավտոմեքենայից պայթուցիկ սարքի նմանվող մեխանիզմ է ընկել: ԼՂՀ ոստիկանության ՔՎ ՔԲ ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Ն.Մ. Գրիգորյանի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ դեկտեմբերի 29-ին, ժամը 18.00-ից մինչև 21.00-ն ընկած ժամանակահատվածում, Վիտալի Բալասանյանին դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու նպատակով, անհայտ անձն ապօրինաբար պահվող 600 գրամ տրոտիլային էկվիվալենտով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրել վերջինիս անձնական օգտագործման Նիսան Պատֆայնդեր մակնիշի ավտոմեքենայի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ԼՂՀ քր. օր-ի 33/103 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով /Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ/ և ԼՂՀ քր. օր-ի 245-րդ հոդվածի 1-ին մասով /Ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/:
Նախորդիվ՝
Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները