Փորձաքննության արդյունքներով, Շանթ Հարությունյանը ճանաչվել է մեղսունակ (տեսանյութ)
Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը ցույց է տվել, որ Շանթ Հարությունյանը անմեղսունակ չէ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
«Երեկ խոսել եմ վարույթն իրականացնող քննիչ, քննչական խմբի ղեկավար Տոնոյանի հետ վերջինն ինձ բանավոր տեղեկացրեց, որ արդեն իսկ ստացվել է փորձագիտական եզրակացությունը և ասաց, որ Շանթ Հարությունյանը մեղսունակ է, սակայն պաշտոնապես ինձ չեն տրամադրել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Նա միայն կոպիտ տոնով նշեց, որ սահմանված ժամկետում, տասն օրվա ընթացքում ինձ կծանոթացնեն եզրակացության հետ», -հավելեց փաստաբան Պետրոսյանը:
Նկատենք, որ Շանթ Հարությունյանը Նուբարաշենի հոգեբուժարանում դատահոգեբուժական փորձաքննության էր ենթարկվել, որն ավարտվել էր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին, սակայն մինչ այժմ փորձաքննության արդյունքները պաշտոնապես չեն հրապարակվել և դրանց մասին փաստաբանը տեղյակ է պահվում բանավոր: Ի դեպ, Պետրոսյանը տեղեկացրեց, որ հավանաբար վաղը բացարկ կներկայացվի, որպեսզի գործի նախաքննությունը տեղափոխվի այլ քննչական մարմնի վարույթ:
Փաստաբանը պնդում է, որ Շանթ Հարությունյանի հետ հարազատների տեսակցություններն արգելելու համար որևէ հիմնավորում չկա, և սա ուղղակի հաշվեհարդար է մարդկանց նկատմամբ: «Երբ մարտի մեկի գործով կային տաս զոհեր և վիճակը լուրջ էր, նրա հետ տեսակցություններն արգելված չէին», -հիշեց փաստաբանը:
Դեռևս հունվարի 8-ին փաստաբան Ինեսա Պետրոսյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել` Վերաքննիչ դատարանից պահանջելով Շանթ Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել, քննիչի միջնորդությունը մերժել և դատական ստուգման արդյունքում կայացնել այլ դատական ակտ:
«Նրան մեղասգրված արարքում հանցակազմը բացակայում է, որովհետև արդեն իսկ ակնհայտ է և իրենք էլ ընդունում են իրենց արձանագրություններով, որ այդ անձը եղել է քաղաքացիական հագուստով ոստիկան: Իսկ ոստիկանության մասին օրենքի դրույթների համաձայն, անձը պետք է համազգեստ կրի և որևէ տարբերանշանով տարբերվի, որ նա ոստիկան է: Տվյալ դեպքում Շանթ Հարությունյանը չէր կարող ենթադրել, որ ոստիկանության աշխատակից է գետնին ընկած մարդը, որին, ըստ նյութերի, Շանթը գնացել և խփել է: Ես գտնում եմ, որ այստեղ հանցակազմը բացակայում է», -հայտարարեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը: Նա նաև փոխանցեց Շանթի խոսքը. «Իմ հոգին անկոտրուն է և պատրաստ է պայքարել»:
Այսօր ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը:
2013 թվականի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ Շանթ Հարությունյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»: Ինչպես հետո հայտարարել էր նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը, Շանթ Հարությունյանին մեղադրանքն առաջադրվել էր քաղաքացիական հագուստով ոստիկանին ծեծելու համար: Երկու ամսից ավելի է` Շանթ Հարությունյանը գտնվում է կալանքի տակ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան