Նիկոլ Փաշինյանը դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովում կյանքը կարծես ակտիվանում է. այսօրվա նիստում հանձնաժողովը, որը նախորդ նստաշրջանում պասիվ էր, քննարկել է միանգամից երեք հարց: Դրանցից երկուսը վերաբերում են Հանրապետական խմբակցության երկու պատգամավորներին` Մանվել Բադեյանին և Առաքել Մովսիսյանին կամ նույն` Շմայսինն: Իսկ մյուս հարցը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած դիմումն է եղել:
Նախ Էթիկայի հանձնաժողովի նոր կազմը որոշել է 20 օրով հետաձգել «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունների դիմումի քննարկումը: Հիշեցնենք` դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովում լրագրողները Բադեյանից հետաքրքրվել էին, թե ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ հայկական հեռուստատեսությամբ ռուսերեն հեռուստահաղորդում է հեռարձակվում, ինչպիսին «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»-ն է: Ի պատասխան Մ. Բադեյանը շատ վրդովվել էր և արձագանքել. «Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ տենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար՝ կզարմանայի, բայց դուք իսկականից տենց ե՞ք մտածում»:
Այս հայտարարությունից հետո եզդի համայնքի ներկայացուցիչները խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացրել` պահանջելով պատգամավորից իրենց հարգանքով վերաբերվել: ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի վերաբերյալ դիմումի քննությունը հետաձգվել է, որովհետև հանձնաժողովի նոր կազմը պետք է ուսումնասիրի հանգամանքները, ծանոթանա իրավիճակին և նոր միայն որոշում կայացնի:
Դռնփակ կայացած հանձնաժողովի նիստի օրակարգի մյուս հարցը եղել է մի խումբ լրագրողների` Առաքել Մովսիսյանի վարքագծի վերաբերյալ ներկայացրած դիմումի քննությունը: Հանձնաժողովն այսօր որոշել է այդ հարցով զեկուցող նշանակել ԱԺ դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանին, որը հանձնաժողովին կներկայացնի համապատասխան եզրակացությունը: Առաքել Մովսիսյանը ԱԺ դահլիճում հայ-ռուսական համաձայնագրերի վավերացման ժամանակ վիրավորել էր դահլիճում ակցիա իրականացրած լրագրողներին` ասելով. «սրանց ստեղից ս… արեք»:
Քննարկված մյուս հարցը եղել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած դիմումը, որի վերաբերյալ ևս եզրակացություն հանձնաժողովին կներկայացնի Աղվան Վարդանյանը: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ Էթիկայի հանձնաժողով դիմել է ներկայացնելով «Հայկական Ժամանակ» թերթի խմբագրակազմի դիմումը, որով իրեն առաջարկում են գլխավորել թերթի խմբագրական խորհուրդը: Թերթի խմբագրակազմը նաև դիմումում պարզաբանել է, որ աշխատանքը խմբագրական խորհրդում լինելու է ստեղծագործական բնույթի, ինչպես նաև օգնելու է լրագրողներին, ստեղծագործական կազմի վերապատրաստմանը: Նաև նշվել է, որ խորհուրդը գործելու է հասարակական հիմունքներով: Այս դիմումը ներկայացնելով ԱԺ ընդդիմադիր պատգամավորը խնդրել է դրա վերաբերյալ եզրակացություն ներկայացնել:
Նշենք, որ Էթիկայի հանձնաժողովն այս նստաշրջանում ղեկավարում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նույն հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացնում է Վահան Բաբայանը, «Օրինաց երկիր» խմբակցությունը` Հովհաննես Մարգարյանը, «Ժառանգություն» խմբակցությունը` Թևան Պողոսյանը, իսկ Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը: ՀԱԿ-ն այս նստաշրջանում ևս կբոյկոտի հանձնաժողովի աշխատանքները:
Հարակից հրապարակում`
ՀԱԿ-ը դարձյալ բոյկոտում է ԱԺ Էթիկայի հանձնաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան