Փաստաբանների ուսուցումն ու վերապատրաստումը հնարավոր է իրականացվի Արդարադատության ակադեմիայում. Թովմասյան (Տեսանյութ)
2 հազար 700 քառակուսի կմ տարածք, շուրջ 830 մլն դրամի ներդրում, լուսավոր լսարաններ. Այսօր պաշտոնապես բացվեց Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին կառուցված ՀՀ Արդարադատության ակադեմիան:
«Նման շենք և նման ֆինանսավորում ունենալը արդեն վկայում է այն բանի մասին, թե ինչպիսին է պետության վերաբերմունքը այս համակարգի նկատմամբ»,- շենքի բացման պաշտոնական արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում կառուցված Արդարադատության ակադեմիայում ուսանելու և վերապատրաստվելու են դատավորներ ու դատախազներ, որոնք ընտրվելու են դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակից: Թովմասյանը հույս ունի, որ ակադեմիայում վերապատրասվելուց և ուսանելուց հետո «ավելի որակյալ ու բանիմաց» դատավորներ և դատախազներ կունենա համակարգը: Նկատենք, որ նախկինում դատավորների և դատախազների համար այդ գործառույթն իրականացնում էին դատական և դատախազության դպրոցները:
Panorama.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է ակադեմիայում փաստաբաններ ևս վերապատրաստվեն կամ ուսուցանվեն, Թովմասյանը նախ նկատեց, որ այս փուլում այդ հարցով զբաղվում է Փաստաբանական դպրոցը, այնուհետև հավելեց. «Բայց ես չեմ բացառում, որ ինչ-որ իքս փուլում փաստաբանների ուսուցումը և վերապատրաստումը կվերապահենք այս կառույցին: Այդ թվում նաև նոտարների: Այսինքն` սրանք աշխարհում այն չորս մասնագիտություններն են, որոնք լրացուցիչ պատրաստվածության անհրաժեշտություն ունեն»:
Ըստ նրա, մինչև դրան հասնելը պետք է կայացնել այս կառույցը:
Նախարարի խոսքով, միշտ էլ կան «կոնյուկտուրային, գերատեսչական շահեր», որոնք մատծում են, թե իրենց անկախությունը կսահմանափակվի: Նա անկեղծացավ և ասաց, որ և դատախազությունը, և դատական իշխանությունը ինչ-որ փուլում դիմադրում էին այս միասնական կառույցի ստեղծմանը:
«Այս կառույցը դատավորների և դատախազների թեկնածուների ընտրության հետ որևէ կապ չունի: Բայց երբ դու ինքդ ես ընտրում թեկնածուներին, դու ինքդ ես ուսուցումն իրականացնում և գնահատում, ուղղակի չբացառեմ, որ գերատեսչական շահեր կարող են լինել: Իսկ այս դեպքում, եթե կադրը ճիշտ չէ ըտրված, ապա այստեղ լավ կերևա դա, որովհետև Ակադեմիան գերատեսչական որևէ ենթակայություն ու կաշկանդվածություն չունի` ճիշտը ցույց տալու համար», -հավելեց Թովմասյանը:
Ավելի վաղ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ անթույլատրելի է փաստաբանների ուսուցումը Արդարադատության ակադեմիայում, քանի որ դա կարող է վտանգել փաստաբանների անկախությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան