«Սատկեք դուք, թաղեմ ձեզ». Հայհոյանքներ ու անեծքներ «Հարսնաքար»-ի գործով դատավորի և փաստաբանի հասցեին (տեսանյութ)
«Հարսնաքար»-ի գործով դատավճիռն այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակեց արտակարգ պայմաններում: Ամբաստանյալները դատապարտվեցին 12-ական տարվա ազատազրկման և 100 հազարական դրամ տուգանքի: Նկատենք, որ դատարանում ուժեղացված հսկողություն էր իրականացվում ուժայինների կողմից, այստեղ էին նաև կարմիրբերետավորներ:
Ամբաստանյալների վերաբերյալ վճիռը լսելիս յուրաքանչյուրի հարազատները նախ սկսում էին լուռ արտասվել, այնուհետև սկսեցին բարձրաձայն անեծքներ տեղալ թե դատավորի, թե տուժող կողմի ներկայացուցիչ, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Տիգրան Եգորյանի հասցեին:
«Սատկեք դուք, թաղեմ ձեզ»,- բղավում էր ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը, որը մի պահ նույնիսկ բարձրացավ նստարանի վրա ու ինչ-որ իր նետեց դատավորի ուղղությամբ: Սակայն այդ իրը դատավորին չկպավ և հարվածը հասավ դատական նիստերի քարտուղարի սեղանին:
Ամբաստանյալ Արման Խաչատրյանի կինը հուզված էր, լացակումած հարցեր էր տալիս. «Արմանի հիվանդ երեխուն ձեզանից ով ա պահելու, հը՞, ասեք տենամ»:
Դատավճռի հրպարակման ընթացքում ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը, նայելով տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի ուղղությամբ, սկսեց հայհոյել նրան, նրա ընտանիքի անդամներին ու սպառնալ: Այնուհետև, Հայրապետյանին շարունակեց ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը. Նա նախ հրեց իր դիմաց դրած սեղանը և փորձեց հարձակվել Եգորյանի վրա, սակայն ոստիկանները կանխեցին նրա գործողությունները և բոլոր ամբաստանյալներին հեռացրին դատական նիստերի դահլիճից:
Մյուս ամբաստանյալները համեմատաբար հանգիստ ընդունեցին վճիռը, սակայն երկար ժամանակ չէին կարողանում հանգստացնել Գարիկ Մարգարյանի մորը, որը նյարդային վիճակում անիծում էր թե դատավորին, թե տուժող կողմի ներկայացուցչին: Դատական կարգադրիչներն ու ոստիկանները կնոջը հեռացրին նիստերի դահլիճից, և դատավոր Դավիթ Հարությունյանը շարունակեց կարդալ վճիռը:
Հ. Գ. Տեղեկացնենք, որ տեսանյութում ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի ձայնը, որը հայհոյում էր և այն հնչում էր դատավճռին զուգահեռ, անջատված է:
Նախորդող հրապարակում`
Արտակարգ պատահար Հարսնաքարի գործով դատավճռի հրապարակման ժամանակ (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան