«Հին Էրիվանի» սեփականատիրոջը սպառնացել են «Յունիբանկից». «Նամակը գրված է ճահճի մեջ գտնվող մարդու կողմից»
«Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանն ապրիլի 11-ին «Յունիբանկից» ստացել է նամակ, որտեղ իր հասցեին հնչում են սպառնալիքներ, անձնական վիրավորանքներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մանվել Տեր-Առաքելյանը:
«Նամակը գրված է ճահճի մեջ գտնվող մարդու կողմից: Չափերն անցել են: Հորդորում են դադարեցնել, այլապես ինձ հետ կտեսնեն հաշվահարդար»,- նամակից մեջբերումներ արեց նա, ապա մանրամասն ներկայացրեց «Հին Էրիվանի» և «Յունիբանկի» միջև արդեն մի քանի տարի շարունակվող հակամարտության ընթացքը:
Մանվել Տեր-Առաքելյանը պատմեց, որ «Հին Էրիվան» հոլդինգը ֆինանսավորվել է «Յունիբանկի» կողմից սկսած 2007 թվականից, քանի որ բանկի սեփականատեր Գագիկ Զաքարյանի կողմից բարենպաստ առաջարկություն է ստացել: 2009 թվականին դիմել է բանկին՝ արտոնյալ ժամանակշրջան տրամադրել հոլդինգին՝ հաշվի առնելով համաշխարհային ճգնաժամը: Բանկն ընդառաջել է Մանվել Տեր-Առաքելյանին:
«2009 թվականի մայիսի 25-ի առավոտյան իմ աշխատասենյակ են բերում համաձայնագիրը: Ես, վստահելով բանկին, առանց կարդալու ստորագրում եմ: Որոշ ժամանակ անց կարդում եմ ու տեսնում, որ այն չի արտացոլում մեր բանավոր պայմանավորվածությունը: Զանգում եմ բանկի վարչության նախագահ Վարդան Աթայանին: Նա էլ ասում է, որ սխալմունք է եղել: Օրվա երկրորդ կեսին ուղարկում է երկրորդ համաձայնագիրը: Ստորագրում եմ այն: Պայմանավորվածության համաձայն առաջին ստորագրած համաձայնագիրը պետք է դեն նետեինք: Համաձայնագրերի մեջ տարբերությունը միայն ժամկետների հետ էին կապված. երկրորդով վարկի մարման ժամկետը ավելի երկար էր, այսինքն պետք է ամեն ամիս ավելի քիչ գումար վճարվեր: Առաջին համաձայնագրով ամեն ամիս պետք է վճարեի մոտ 44 միլիոն դրամ, երկրորդով՝ մոտ 33 միլիոն: Երկու տարի ամեն ամսի վճարել եմ 33 միլիոն դրամ: 2011 թվականի մայիսի 25-ին բանկը գանձում է կատարում ճիշտ այնքան, որքան նախատեսված է երկրորդ համաձայնագրով: Դրանից յոթ օր հետո դիմում եմ բանկին, որ ավելի լավ վերաֆինանսավորում եմ ստացել, ցանկանում եմ տեղափոխվել այլ բան: Վարդան Աթայանի ու իմ միջև կայանում է սուր խոսակցություն, չէր ցանկանում բաց թողել «Հին Էրիվանը»: Դրանից 12 օր հետո՝ հունիսի 7-ին, ստանում ենք բռնագանձման ծանուցագիր, որ մենք պարտավորությունն ամբողջությամբ չենք կատարել, վճարել ենք 33 միլիոն դրամ, մինչդեռ պետք է վճարեինք 44 միլիոն դրամ, ճանաչվել ենք ժամկետանց»: Այնուհետև արդեն սկսվում են դատական գործընթացներ, Առաջին ատյանի դատարանը, այնուհետև Վերաքննիչ դատարանը չեն բավարարում «Հին Էրիվանի» հայցը: Բանկը դիմում է սնանության պրոցեսի:
Մ. Տեր-Առաքելյանի փաստաբան Հայկ Ալումյանն էլ ասաց, որ երբ «Հին Էրիվանի» սեփականատերը ցանկացել է այլևս չհամագործակցել բանկի հետ, նրանք սեղանի վրա են դրել առաջին համաձայնագիրը, մինչդեռ նրանք մինչ այդ աշխատել են երկրորդ համաձայնագրով:
«Դատական վեճի ժամանակ, երբ քննվում էր այս հարցը, նրանք պնդում էին, որ չկա երկրորդ համաձայնագիր: Բանկի կառավարիչը դիմում է 6-րդ վարչություն ու ասում, որ Մանվել Տեր-Առաքելյանը կեղծել է իր ստորագրությունն ու բանկի կնիքը: Փորձաքննությամբ պարզվում է, որ որևէ կեղծիք չկա: Երբ Մանվել Տեր-Առաքելյանին մեկ օր պահում են 6-րդ վարչությունում, օրվա վերջում բանկի իրավաբանը գալիս ու ասում է, որ բանկի տնօրենը մոռացել էր, որ երկրորդ համաձայնագիրը ստորագրվել է: Բայց մենք չենք հավատում այդ պատճառաբանությանը, քանի որ մինչ այդ դատարանում անընդհատ այդ հարցն էր քննվում»,- ասաց Հ. Ալումյանը՝ հավելելով, որ այդ մարդը դիմել է սուտ մատնության, որով պատիժ է նախատեսված Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով, այժմ իրենք համապատասխան գործընթաց են սկսել, հայց են ներկայացրել:
«Ես բանկից վերցրել եմ 2,8 միլիոն դոլար: Պատրաստ եմ եղել այս տարիների ընթացքում վճարել այդ գումարը՝ բանկի ճիրաններից դուրս գալու համար: 2,8 միլիոն դոլարը սնանկության ձևաչափում հայտարագրել են 7 միլիոն 509 հազար դոլար: Դա միայն տույժ տուգանքների ձևաչափով: Իրենք ակնհայտ գնում են «Հին Էրիվանին» տիրանալու ճանապարհով: Ես հայտարարում եմ, որ ճանաչում եմ 2,5 միլիոն դոլարը, կվճարեմ այդ գումարը 7 աշխատանքային օրվա ընթացքում: Իսկ եթե ասում են, որ պետք է վճարեմ 7, 5 միլիոն դոլար, ապա թող հիմնավորեն, թե որտեղից է առաջացել այդ գումարը»,- ասաց Մ. Տեր-Առաքելյանը:
Պատասխաելով Panorama.am-ի հարցին, թե Դուք պնդում եք, որ «Յունիբանկը» միտումնավոր է կիրառել բարձր տույժեր և գրանցել է ուռճացված պահանջ սնանկության գործով, արդյո՞ք ճիշտ է, որ «Յունիբանկը» կարող էր չգրանցել պահանջը ու շարունակել հաշվարկել տույժերը և տոկոսները ու բռնագանձեր պարտքը սնակության վարույթից դուրս, եթե ներկայացներ մորատորիում չկիրառելու դիմում և արդյո՞ք սնանկությունը Ձեզ ձեռնտու չէ, Մանվել Տեր-Առաքելյանի փաստաբան Նիկոլայ Հակոբյանը պատասխանեց. «Օրենքով վերապահված է այդպիսի իրավունք գրավով ապահոված պարտատիրոջը, որպեսզի դիմում ներկայացնի դատարան մորատորիումն իր վրա չտարածելու մասին: Նման պայմաններում մորատորիումը չի գործի այդ մասով և տույժեր, տուգանքներ, տոկոսներ կշարունակեին հաշվարկել: Այդպիսի դիմում ոչ միայն չի գրանցվել, այլ դատարան է ներկայացվել բանկի կողմից պահանջ: Նման պայմաններում գործ ունենք կայացած փաստի հետ: Ինչ վերաբերում է սնանկության հարցին՝ ձեռնտու է, թե ոչ, դժվարանում եմ փաստել, որ սնանկության պրոցեսը ձեռնտու է հոլդինգին, քանի որ միայն տույժեր, տուգանքներ կանգնելու հանգամանքով չէ, որ մենք պետք է ղեկավարվենք ընկերության կամ հիմնադիր Մանվել Տեր-Առաքելյանի շահերը գնահատելիս: Կան նաև այլ հանգամանքներ՝ հենց գործարար համբավի հետ կապված, որը տվյալ պարագայում ավելի արժեքավոր է: Տույժերը, տուգանքները կանգնելու հանգամանքը սնանկության պրոցեսում խնդրի լուծում չէ մեր դեպքում, քանի որ իրավական որոշակի հիմքեր կան, որ տույժեր ու տուգանքներ չպետք է հաշվարկվեին»:
Այս հարցի վերաբերյալ Մանվել Տեր-Առաքելյանն ասաց. «Մենք դիմեցինք վերաքննիչ դատարան բողոքով, որ մենք սնանկ չենք: Հետո ես ինքս որոշում կայացրեցի մեր հայցադիմումը հետ վերցնելու առ այն, որ միայն սնանկության պայմաններում նշանակված է կառավարիչ, որը պարտավոր է կատարել ֆինանսական վերլուծություն: Միայն այս պայմաններում ջրի երես դուրս կգա «Հին Էրիվանի» ամբողջ գործունեությունը: Այդ ժամանակ կփաստենք՝ մենք սնանկ են, թե ոչ, ինչ պայմաններ են ստեղծվել սնանկության նկատառումներով»:
Պատասխանելով այն հարցին, թե Ձեր վերջին հարցազրույցում նշել եք, որ Յունիբանկը ուզում է շենքը վերցնել 2,8մլն դոլարի դիմաց, արդյո՞ք Յունիբանկը Ձեզ չի առաջարկել աճուրդ անցկացնել Ձեր համար ընդունելի պայմաններով, Մանվել Տեր-Առաքելյանն ասաց. «Չի առաջարկվել աճուրդի հանվել, իրենք իրավունք չունեին դա անել՝ կամ պետք է դատական կարգով բռնագանձում արվեր և աճուրդ, կամ դատական ճանապարհով, որը նախատեսում է սնանկություն: Նախընտրվել է երկրորդ ճանապարհը: Այլևս չեն կարող հետ գնալ»:
«Հին Էրիվանի» սեփականատերն իր խոսքի վերջում ասաց, որ ինքը նաև ուզում է ամբողջ աշխարհին ցույց տալ, որպեսզի գործարարների մոտ վստահություն ձեռք բերվի, որ Հայաստանում կա գործարար, ով մարտնչում է իր ճշմարտության համար, ուրեմն այդ երկրում կարելի է ներդրումներ անել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում