Գիշերօթիկի տնօրենն ազատվել է աշխատանքից, իսկ սոցապ պաշտոնյան խիստ նկատողություն ստացել
«Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գայանե Մարգարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի հրամանով ազատվել է աշխատանքից` հաշվի առնելով երեխաների խնամքի և պաշտպանության աշխատանքներում արձանագրված թերությունները, կոլեկտիվում ստեղծված անառողջ մթնոլորտը, պաշտոնական պարտականությունների ոչ պատշաճ իրականացումը, տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարարի մեկ այլ հրամանով` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ` երեխաների խնամքի և պաշտպանության կազմակերպման առկա խնդիրներին լուծումներ տալու նպատակով, իրականացվում են աշխատանքներ խնամքի հաստատություններում պաշտոնների անվանացանկերը և այդ անվանացանկերում ներառված պաշտոնների նկարագրերը հաստատելու ուղղությամբ: Երեխաների խնամքի հաստատություններում պետք է աշխատեն մասնագիտական կրթության և որակավորման, աշխատանքային փորձին, պահանջվող գիտելիքներին ու հմտություններին վերաբերող ամբողջական չափանիշներին համապատասխանող անձինք:
Մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նախատեսված է նշված աշխատանքներն ավարտել և նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններում ներդնել աշխատողների աշխատանքի կազմակերպման միասնական նոր համակարգ, ինչը հնարավորություն կտա խնդիրներին տալ ամբողջական և համակարգային լուծումներ:
Նշենք, որ այս դպրոցի շուրջ արդեն մի քանի օր շարունակ մամուլում աղմկահարույց տեղեկություններ էին հրապարակվել, և դրանց հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ուսումնասիրություն էր կատարել ու խախտումներ հայտնաբերել: Դրանց հետքերով այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անակնկալ այց էր կատարել գիշերօթիկ, որից հետո միայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նման որոշում կայացրեց:
Հարակից հրապարակում`
Վարչապետը ՄԻՊ գրասենյակի բացահայտումների հետքերով այցելել է Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատություն (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին