Ադրբեջան. Լրագրող Փարվիզ Հաշիմլին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը մեղավոր է ճանաչել «Բիզիմ յոլ» ադրբեջանական անկախ թերթի լրագրող Փարվիզ Հաշիմլիին անօրինական զենք պահելու համար: Լրագրողը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման: Հաշիմլին դատարանում իր վերջին խոսքն ասելիս, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներին անվանել է իրական հանցագործներ:Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հոդվածում նշվում է, որ լրագրողին դատապարտել են Ադրբեջանի քրեական օրենսգրքի 228.2.1 (Զենքի և զինամթերքի ապօրինի ձեռքբերումը, փոխանցումը, իրացումը, պահեստավորումը, փոխադրումը կամ կրումը, որը ի կատար է ածվում անձանց կողմից նախնական դավադրությամբ) և 206.3.2 (մաքսանենգություն անձանց կողմից նախնական դավադրությամբ) հոդվածներով:
Ըստ «Թուրանի»`նախօրեին Հաշիմլին դատարանում հանդես էր եկել եզրափակիչ խոսքով և նշել, որ չի ընդունում իր մեղքը: Նա իր անմեղությունը ապացուցված է համարում:
«Սա ծանր հանցագործությունների գծով դատարան է: Այստեղ դատում են ահաբեկիչների, հանցագործների, մարդասպանների: Այդ իսկ պատճառով ես պահանջում եմ դատավորներից, որ ինձ չդիտեն այդ հանցագործների շարքում: Ես անմեղ եմ: Ես ապացուցել եմ, որ հանցանք չեմ գործել: Իրական հանցագործները Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության ղեկավարությունում են. Հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Էլչին Գուլիևը, նրա տեղակալ Իլգար Ալիևը, քննիչ Էլչին Մուրտուզովը: Ես գիտեմ, թե ինչու են նրանք ինձ ձերբակալել զրպարտիչ մեղադրանքներով, և դատական գործի ընթացքում ես բազմիցս կրկնել եմ դա: Նրանք վրեժ են լուծում ինձնից այն մարդկանց համար, ում իրենց թշնամին են համարում»,- նշել է նա:
«Թուրանը» հիշեցնում է, որ դատական գործի ընթացքում լրագրողը բազմաթիվ անգամ կրկնել է, որ իրենից վկայություն էին ուզում ստանալ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության նախկին պետի տեղակալ Ալի Նագիևի դեմ, ով ներկայումս Ադրբեջանի Գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի տեղակալն է, ինչպես նաև նրա եղբոր` «Ազերյոլսերվիս» ընկերության նախագահի և խորհրդարանի պատգամավոր Ջավիդ Գուրբանովի դեմ: Ըստ Հաշիմլիի, իրենից պահանջում էին վկայել, թե իբրև այդ անձինք լրագրողի միջոցով գումար են փոխանցել «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիին:
«Եթե իմ ձերբակալությունը տեղական և միջազգային հանրության արձագանքը չստանար, եթե արտասահմանյան ԶԼՄ-ները չգրեին դրա մասին, Ազգային անվտանգության նախարարությունում ինձ կսպանեին»,- նշել է նա:
Հաշիմլիին ձերբակալությունից հետո 20 օրվա ընթացքում պահել են մենախցում և չեն տվել որևէ մեկի հետ շփվելու հնարավորություն: Չեն թողել, որպեսզի փաստաբանը այցելի նրան, և հոգեբանական ու ֆիզիկական ճնշում են գործադրել նրա նկատմամբ: Այս մասին ասել է հենց ինքը լրագրողը: Սակայն, ըստ լրագրողի, ամենասարսափելին այն է, որ «հետաքննությունը հսկող դատախազները անզոր գտնվեցին Ազգային անվտագության նախարարության առջև»:
«Դատարանում փաստաբանների բոլոր միջնորդությունները նույնպես մերժվել են: Երկու միջնորդությունները բավարարելու դեպքում ես կարդարացվեի»,- հայտարարել է լրագրողը:
Միջնորդություններից մեկը վերաբերում էր Հաշիմլիի տան անվտանգության տեսախցիկների հիշողության քարտի ստուգմանը, ինչն, ըստ լրագրողի, կպարզաբաներ, որ «զենքը իր տուն բերել են Ազգային անվտագության աշխատակիցները, և բոլորը կտեսնեին, թե ինչպես են նրանք հարձակվում նրա կնոջ և դստեր վրա»: Երկրորդ միջնորդությունը վերաբերում էր լրագրողի ձերբակալության օրը Ադրբեջան մուտք գործած Իրանի քաղաքացիների մասին սահմանային ծառայությունից տեղեկատվություն ստանալուն: Այդ դեպքում պարզ կդառնար, որ հետաքննության կողմից հորինված Հուսեին անունով մարդ, ով Իրանից զենք էր բերել, պարզապես գոյություն չունի:
«Ցավալի է, որ Ադրբեջանում դատարանները անկախ չեն, և դատավորները չհամաձակվեցին ընթացք տալ մեր միջնորդություններին»,- ամփոփել է լրագրողը:
Նշենք, որ 2013թ.-ի սեպտեմբերի 7-ին Ադրբեջանում ձերբակալվել է ադրբեջանական «Բիզիմ յոլ» (Մեր ուղին) թերթի լրագրող և «Moderator.az» կայքի տնօրեն Փարվիզ Հաշիմլին: Հաշիմլին ձերբակալվել է «Moderator.az» կայքի խմբագրությունում, Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների կողմից: Միաժամանակ անվտանգության աշխատակիցները այցելել են Հաշիմլիի Բալաջար գյուղում գտնվող տուն և «Բիզիմ յոլ» թերթի խմբագրություն: Հաշիմլիի տանը Ազգային անվտանգության աշխատակիցները «հայտնաբերել են» 30 տռնակ և ատրճանակ: Լրագրողի կինը նշել է, որ իրենց տուն այդ զենքը բերվել է հենց անվտանգության աշխատակիցների կողմից: Հաշիմլիի ձերբակալությունը դատապարտել են մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում «Amnesty International»-ը, «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ) և այլոք:
Հիշեցնենք, որ երեկ «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ Ադրբեջանը 2014թ.-ի մայիսի 14-ին ստանձնում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը այն դեպքում, երբ երկրում տարիներ շարունակ անադադար ճնշվում է այլակարծություննը և քննադատական հայացքները:
«Human Rights Watch»-ը նշում է, որ վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները անհիմն մեղադրանքներով քրեական պատասխանատվության են ենթարկել առնվազն 38 քաղաքական գործիչների, լրագրողների, բլոգերների և իրավապաշտպանների, ում մեծամասնությունը գտնվում է ճաղերի հետևում:
Քրեական հետաքննությունների հանգամանքները և դատավարությունների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումները վկայում են այն մասին, որ իշխանության ընդդիմադիրների դեմ մեղադրանքները շինծու են, և նրանց միակ նպատակը պատժելն է ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար: