Վերնիսաժի գործով ձերբակալվել է Ներսես Մելքոնյանը
Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է նաև Ներսես Մելքոնյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Ներսեսի փաստաբան, Փաստաբանների պալատի անդամ Արմեն Խաչատրյանը:
Նա ասաց, որ այս պահին կարող է միայն ձերբակալման փաստի մասին ասել և ոչ ավելին:
Մելքոնյանի մյուս պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Վարդուհի Էլբակյանն ասաց, որ ձերբակալությունը եղել է անմիջապես հարցաքննությունից հետո, ժամը 15:00-ի սահմաններում: Նա այս պահին, ըստ փաստաբանի, կասկածվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հանցագործություն կատարելու մեջ:
Փաստաբանի խոսքով, նրա առողջական վիճակը լավ չէր և ըստ բժիշկների ցուցումների, պետք է լիներ բժշկական հսկողության ներքո:
Հիշեցնենք` մայիսի 17-ին մեքենայի ճանապարհը բացելու շուրջ Վալերի Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ առաջացած վիճաբանության արդյունքում ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը, մի քանի անգամ կրակել է, ինչի հետևանքով 5 անձ տարբեր հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Գոռ Առաքելյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1, 6, 10 կետերի հատկանիշներով` «խուլիգանական դրդումներով սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» (ըստ օրենսգրքի, պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից քսան տարի ժամկետով) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի կերպով ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» (3 ամիս կալանքից մինչև երեք տարվա ազատազրկում), և նա կալանավորված է:
Նախորդող հրապարակումներ`
Որտեղի՞ց Ալիկ Սարգսյանը գիտի, որ ցինիզմ է դրսևորվել. Փաստաբանի տարակուսանքը
Վերնիսաժի միջադեպի մասնակիցներից մեկը նախկինում դատված է եղել
Վերնիսաժում կրակոցների հետևանքով տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում
Վերնիսաժում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը երկու ամսով կալանավորվեց