Զինծառայողը մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով. Օհանյան
Արարատի զորամասում ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը նախնական տվյալներով, մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով: Այդ մասին այսօր լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Զինծառայողի մահը կապված է զենքի օգտագործման հետ: Հարուցվել է քրեական գործ, քննությունը կպարզի հանգամանքները: Իրականում ամեն ինչ անում ենք սակայն այսօրվա իրականությունն այնպիսի է, որ զենքի հետ վարվելու շրջանակներում դեպք է եղել», -հավելեց նախարար Օհանյանը:
Ավելի վաղ ՊՆ լրատվական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացվում էր, որ հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ): Միջադեպի մանրամասները ճշտվում են: