Զինծառայողի մահվան կապակցությամբ քրեական գործը հարուցվել է սպանություն հոդվածով
Արարատի զորամասում հունիսի 20-ին ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանի մահվան կապակցությամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը»: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի բաժնի սպա Մերի Սարգսյանը:
Առայժմ հարուցված քրեական գործի շրջանակներում որևէ մեկը չի ձերբակալվել, կատարվում է նախաքննություն:
«Առաջին իսկ հնարավորության դեպքում քննության արդյունքները կհրապարակվեն», -փոխանցեց Մերի Սարգսյանը:
Ավելի վաղ ՊՆ լրատվական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացվում էր, որ հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ): Միջադեպի մանրամասները ճշտվում են:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հայտարարել էր, որ նախնական տվյալներով, Խաչատրյանը մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան