Լյուքս Ստեփանյանի գործով ամբաստանյալը դատապարտվեց 17 տարի ազատազրկման
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, հրապարակեց Նոյեմբերյանի զորամասում նախորդ տարի մահացած զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով դատավճիռը: Ըստ այդմ, մեղադրյալ 20-ամյա Դավիթ Խաչատրյանը դատապարտվեց 17 տարի ազատազրկման:
Այսօրվա դատական նիստում իր վերջին խոսքում Խաչատրյանը հայտարարեց, որ ճակատագիրն արդեն պատժել է իրեն՝ կործանելով իր ընկեր Լյուքսի կյանքը, մյուս ընկեր` Հրաչյա Սարգսյանի առողջությունը ու խնդրեց իրեն պատիժ նշանակելիս առաջնորդվել օրենքով:
«Այս դժբախտ դեպքն ինձ շատ ցավ ու տառապանք է պատճառել, մինչև կյանքիս վերջը ապրելու եմ այս ցավը։ Այս ցավը ոչ միայն ինձ ու իմ երկու ընկերների ընտանիքների, այլև ողջ հասարակության ցավն է, քանի որ վիրավորվել ու մահացել են երիտասարդ հայ տղաներ, հայ զինվորներ։ Հասկանում եմ, որ ոչինչ չի տա զայրույթով առաջնորդվելը։ Ես արդեն պատժվել եմ իմ արածի համար, ընկերներիցս մեկի կյանքն եմ կործանել, մյուսի առողջությունը, ու քանի որ, հարգելի դատավոր, դուք էլ եք այս հասարակության մի անդամ, խնդրում եմ Ձեզ, առաջնորդվեք օրենքով ու լինեք հնարավորինս սառնասիրտ»,- դիմելով դատարանին ասաց Դավիթ Խաչատրյանը։
Հիշեցնենք` մեղադրողը պահանջել էր Դավիթ Խաչատրյանին դատապարտել 18 տարով, իսկ պաշտպանական կողմը խնդրել էր վերաորակել մեղադրանքը:
Հարակից հրապարակումներ`
Երբեք մի ասեք` երբե՛ք. Փաստաբան Երեմ Սարգսյանը պատասխանում է գլխավոր դատախազին
Սեյրան Օհանյա՞նն է կայացրել Լյուքս Ստեփանյանի գործով դատավճիռը. Պաշտպանական ճառ