ՀԿ-ները կարող են խմբի անունից հայց ներկայացնել դատարան. Մանուկյանն ընդունել է Մարուքյանի առաջարկը
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Հայաստանի քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին:
Պատգամավորը Panorama.am-ին տեղեկացրեց, որ իր առաջարկը վերաբերել է հասարակական կազմակերպություններին, որպեսզի վերջիններին իրավունք վերապահվի խմբային հայցերով խմբերի անունից հայց հարուցել և խմբի անդամ համահայցվորների շահերը դատարանում ներկայացնել:
Մարուքյանն այս առաջարկությունն արել է հիմք ընդունելով «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-րդ մասի 3-րդ կետը, որի համաձայն, կազմակերպությունը, իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներն իրականացնելու համար, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-906 որոշմամբ արտահայտված դիրքորոշումը, առկա միջազգային փորձն ու ներպետական դատական պրակտիկան:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այսօր ստացել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի պատասխան գրությունն առ այն, որ առաջարկությունն ընդունելի է` հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների դերը պետության և հասարակության կյանքում՝ վերջիններիս կողմից համապատասխան ոլորտում անձանց խախտված իրավունքների համար դատարան դիմելու կարգը սահմանելը կնպաստի ոչ միայն խախտված իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, այդ թվում դատական պաշտպանության արդյունավետությանը, այլև կբարձրացնի քաղաքացիական հասարակության բաղադրատարր հանդիսացող՝ հասարակական կազմակերպությունների դերը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան