Չաշխատող փաստաթուղթ է. Իրավապաշտպանը՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին
«Սահմանադրության նկատմամբ վստահության ձևավորման հարցը, որպես կենսական նշանակություն ունեցող փաստաթղթի, ուշադրությունից դուրս է: Այս պահին Սահմանադրության նկատմամբ հարգանք չկա»,- Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նա նշեց, որ Սահմանադրության փոփոխությունը գտնվում է ըստ քաղաքական նպատակահարմարության, առանձին կուսակցական խմբերի շահերից բխող դիտարկման դաշտում, կառավարման նախագահական, խորհրդարանական համակարգին դեմ կամ կողմ լինելու հանգամանքն էլ քաղաքական ուժերը ձևակերպում են ըստ իրենց նպատակահարմարության:
«Իսկ հանրությունն այդ փոփոխություների իմաստը չի տեսնում: Սահմանադրական բարեփոխումները որևէ կերպ չեն առնչվում հանրության շահերի հետ»,- ասաց Ա. Սաքունցը:
Իրավապաշտպանի խոսքով, ամենից կարևոր մոտեցումը, որն ամրագրված է նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ, սահմանադրական փոփոխություններ իրակացնելու համար հանրային կոնսենսուսն է և հանրային ընկալումը, Վենետիկի հանձնաժողովն ամրագրում է նման փոփոխություն իրականացնել՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակ:
«Այդ տեսակետից միանշանակ գտնում եմ, որ Հայաստանում այսօր սահմանադրական փոփոխությունների իրականացման հանրային պահանջարկ կամ հանրային ընկալում գոյություն չունի: Սահմանադրությունը որպես կենդանի փաստաթուղթ, կենսական նշանակություն ունեցող նորմերի համախումբ, գոյություն չունի: Արդյո՞ք իրավական նորմերի փոփոխությունները կարող են հանրային ընկալումը փոխել Սահմանադրության նկատմամբ, գտնում եմ՝ ոչ, ավելին՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկվող մոտեցումները միանշանակ ուղղված են գոյություն ունեցող փաստացի իրավիճակն ամրագրելուն, հավերժացնելուն, իրավական ուժ տալուն: Եթե հիմա մենք գործող Սահմանադրության միջոցով կարող էինք չափել և գնահատել, որ շատ սահմանադրական նորմեր, իրավահարաբերություններ են խախտվում, ապա փոփոխվող հայեցակարգով այնպիսի մի համակարգ կունենանք, որով այդ չափելն էլ կլինի դժվար: Խոսքը վերաբերում է կառավարման խորհրդարանական համակարգին»,- ասաց Ա. Սաքունցը:
Նա նաև այն կարծիքին է, որ այդ փոփոխություններով չի ապահովվելու դատական իշխանության անկախությունը. «Դատական իշխանության անկախության հիմնական երաշխիքը դատական իշխանության ինքնակազմակերպումն ու ինքնակառավարումն է: Դատական իշխանության ձևավորման մեջ օրենսդիր և գործադիր իշխանության ճյուղերը պետք է ունենան միայն հայեցողական մասնակցություն: Անկախության և ինքնակառավարման խնդիրն այս փոփոխություններով լուծում չի ստանում»:
Իրավապաշտպանը նաև նշեց, որ այդ փաստաթղթով պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին սահմանադրական կարգավիճակ տրվեր, հստակ մոտեցումները ձևակերպվեր, թե ինչպես է ԿԸՀ-ն կարգավորելու իր գործունեությունը:
Ինչ վերաբերում է այն բոլոր մեկնաբանություններին, որոնցում հղում է արվում, որ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, ըստ նրա, Վենետիկի հանձնաժողովը չի կարող խորանալ կոնտեքստի մեջ, այլ կարող է սկզբունք առաջարկել:
«Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս փաստաթղթին: Որպես փաստաթուղթ կարող է լինել գրագետ, բայց Հայաստանի դեպքում, քաղաքական, սոցիալական, իրավական մեր մշակույթի պարագայում, ինստիտուտների չկայացվածության տեսակետից չաշխատող փաստաթուղթ է, որևէ կերպ չի կարող փոխել իրավիճակը»,- ասաց Ա. Սաքունցը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան