Հատուկ քննչական ծառայությունն անգործության է մատնված ու կոծկում է ոստիկանության բռնությունները. Փաստաբան
Քաղաքացի Անի Բոշյանին ոստիկանության բաժանմունքում պահել են 10 ժամ, ապօրինի, ստիպել են գրել իրականությանը չհամապատասխանող ցուցմունք, ինչի հետևանքով այժմ Անին հայտնվել է մեղադրյալի աթոռին: Նա մեղադրվում է կիբերհանցագործություն կատարելու համար: Այդ մասին այսօր Մեդիա Կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ինքը` Բոշյանը:
«Ինձ ստիպում էին գրել ցուցմունք, որ ես եմ կատարել հանցանքը, իսկ եթե չկատարեի էլ, ինձ ասում էին, որ 72 ժամ հետո կտանեն կանանց գաղութ ու պատմում էին, թե ինչ դաժան պայմաններ են կանանց գաղութում: Ասում էին` կամ պիտի գրես, դուրս գաս, կամ էլ պիտի գնաս գաղութ», -ոստիկանության բաժանմունքում կատարվածը ներկայացրեց Անին:
Բացի այդ, Անիի փաստաբան Տիգրան Սաֆարյանի փոխանցմամբ, ոստիկանությունում Անիին կին աշխատողները անձնական խուզարկության են ենթարկել, ստիպել են մերկանալ ամբողջությամբ ու մի քանի անգամ կքանստել: Սաֆարյանի խոսքով, այն հանցագործությունը, որում կասկածվում էր Անին, հիմք չէր տալիս մերկացնել նրան ամբողջությամբ: Աղջկան մերկացնելուց հետո էլ նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել:
«Ինձ հետ ոստիկանությունում կատարվածը բարոյականության սահմաններից դուրս էր»,- նկատեց Անի Բոշյանը:
Այս ամենի մասին քաղաքացին հաղորդում է տվել Հատուկ քննչական ծառայությանը, սակայն, այստեղ էլ, ինչպես Տիգրան Սաֆարյանը տեղեկացրեց, գործին ընթացք չեն տվել. արդյունքում սպառնալիք ներկայացրած ոստիկանները մնացել են անպատիժ:
«Հատուկ քննչական ծառայությունն անգործության է մատնված: Հատուկ քննչական ծառայությունը ոչ թե ցանկություն ունի բացահայտել, այլ կոծկում է ոստիկանության բռնությունները», -մեկնաբանեց Սաֆարյանը` հավելելով, որ Անիի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը ՀՔԾ քննիչի որոշմամբ կարճվել է, քանի որ «ոստիկանները չեն ընդունել այն, ինչ Անին է ասել»:
Եվ պաշտպանի, և նրա պաշտպանյալի համար մինչ այժմ պարզ չէ, թե ինչ հիմքով է ՀՔԾ քննիչը մերժում քրեական գործ հարուցել Անիի տված հաղորդման հիման վրա:
Հայաստանի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը մատնանշեց նաև «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Ռոբերտ Մուրադյանի և Անդրանիկ Մխիթարյանի գործերը, ովքեր Գյումրիի ոստիկանության Մուշի բաժանմունքում վատ վերաբերմունքի են արժանացել: Զալյանի խոսքով, ՀՔԾ-ի կողմից նույն մոտեցումն է ցուցաբերվել նաև այս անձանց գործերի դեպքում:
«Հիմնականում բոլոր գործերով արժանահավատ են դառնում ոստիկանության աշխատակիցների կողմից տված ցուցմունքները: Իսկ այն զոհերը, ովքեր ենթարկվել են վատ վերաբերմունքի, նրանց կողմից տված ցուցմունքները արժանահավատ չեն դառնում», -նկատեց Զալյանը:
Հայաստանի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի պնդմամբ, Հատուկ քննչական ծառայության պետին պետք է հաստատի Ազգային ժողովը, որպեսզի վերջինը հաշվետու լինի խորհրդարանի առաջ, ինչպես Գլխավոր դատախազն է:
«Հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց մասին է խոսքը, և Ազգային ժողովի կողմից ՀՔԾ գործունեության նկատմամբ վերահսկողությունը կենսական անհրաժեշտություն է», -հավելեց իրավապաշտպանը: Նշենք, որ այժմ ՀՔԾ պետին նշանակում է հանրապետության նախագահը:
Բանախոսները տարբեր գործերով փաստերը ներկայացնելիս պնդում են մեկ բան` ոստիկանության ծառայողների կողմից ոստիկանական բաժանմունքներում քաղաքացիների նկատմամբ իրականացված բռնությունների վերաբերյալ փաստերի առթիվ Հատուկ քննչական ծառայության կողմից օբյեկտիվ քննություն չի իրականացվում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին