Գոհար Ենոքյանի փաստաբանը ՀՔԾ որոշման դեմ բողոքներ է ներկայացրել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ենոքյանին ձերբակալելու մասին Հատուկ քննչական ծառայության որոշման դեմ Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը բողոք է ներկայացրել Հայաստանի նախագահին, գլխավոր դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Գեղամ Հակոբյանը:
«Դիմել եմ, որպեսզի պարզեն ու կանխեն այդպիսի բնույթի ապօրինի ձերբակալությունը, քանի որ տեղի չունեցած դեպքով քրեական գործ է հարուցվել և առանց որևէ հիմքի 73 տարեկան կնոջը ձերբակալել են: Կատարվածը դատավարական գործընթացներից դուրս է»,- հավելեց փաստաբանը:
Նրա տեղեկացմամբ, իրենք պատրաստվում են հնարավոր ամեն բան օրինականության սահմաններում ձեռնարկել, որպեսզի Գոհար Ենոքյանը չկալանավորվի:
Նշենք, որ Գոհար Ենոքյանը ձերբակալվել էր երեկ երեկոյան հարցաքննությունից անմիջապես հետո: Նա կասկածվում է ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանությունը նախապատրաստելու մեջ: Մեր տեղեկություններով, սա հին քրեական գործ է դեռ 2012 թվականին հարուցված և ցուցմունք տվողը հենց Կարո Կարապետյանն է եղել: Այս քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է, սակայն այս մարմինը առայժմ որևէ մանրամասն չի հրապարակում գործի վերաբերյալ:
Նախորդող հրապարակումներ`
Յուվեցի Կարոյի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով Գոհար Ենոքյանը ձերբակալվել է
Ազգային ժողովում ստորագրահավաք է Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու խնդրով