Քննչական կոմիտեն հաստատում է, որ Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել. հարուցվել է քրգործ
Հայաստանի քննչական ծառայությունը մանրամասներ է հրապարակել Գորիսում տեղի ունեցած միջադեպի գործից, ըստ էության հաստատելով, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը մասնակից է եղել միջադեպին:
ՔԿ-ից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ստացվել է Գորիսում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Մայիսի 2-ին՝ ժամը 21:35-ին, «Գորիս բժշկական կենտրոնից» Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հ. Զաքարյանը՝ «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» մարմնական վնասվածքով:
Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հ. Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տ. Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ. Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք:
Սյունիքի մարզային դատախազությունում մայիսի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ինքնությունը չպարզված անձանց կողմից «Սդղի գյոլ» կոչվող տարածքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով։ Քրեական գործը մայիսի 5-ին ստացվել է Գորիսի քննչական բաժնում։
Ըստ աղբյուրի, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, տուժածի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները, միջադեպին մասնակցած բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Նշենք, որ մայիսի 4-ին Սյունիքի մարզպետը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ինքը կատարվածից տեղյակ չէ և իր որդին գտնվում է Երևանում: