Խորհրդարանն ընդունեց Հանրաքվեի մասին օրենքում Դաշնակցության առաջարկությունները
Այսօր Ազգային ժողովում 100 կողմ, 1 դեմ և 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունեց Հանրաքվեի մասին օրենքում ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի ու էլի մի քանի պատգամավորների առաջարկած փոփոխությունները:
Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու ներկայացված նախագծին, քանի որ «այն էականորեն բարելավում է առաջարկվող ինստիտուտը»: Բացի այդ, Զոհրաբյանն ասաց, որ առաջիկայում կներկայացնեն առաջարկություններ, որոնցից մեկը կլինի հանրաքվեից հետո ցուցակները հրապարակելը:
«Հայտնի է, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ է ընտրացուցակները հրապարակելուն, բայց դա թերևս այն պատճառով, որ Վենետիկի հանձնաժողովի անդամները տեղյակ չեն հայաստանյան կատարելագործված ընտրական համակարգի մասին», -հավելեց Զոհրաբյանը:
Քվեարկությունից առաջ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ իրենք որոշել են ձեռնպահ քվեարկել և մինչև երկրորդ ընթերցում կներկայացնեն իրենց առաջարկությունները:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք լավ են հասկանում, թե ինչու է նման նախագիծ ներկայացվել և այդ պատճառով էլ «ընդունում են մարտահրավերը»:
«Մենք պատրաստ ենք գնալ հանրաքվեի մեր օրակարգով՝ մերժելով իշխանությունների փորձը՝ երկարաձգելու ինչ-որ մեկի իշխանությունը», -հավելեց ընդդիմադիր պատգամավորը:
ՀԱԿ-ը նույնպես ձեռնպահ քվեարկեց նախագծին, քանի որ պատրաստվում են իրենք ևս «լուրջ առաջարկներ» ներկայացնել մինչև երկրորդ ընթերցման ռեժիմով քննարկման ժամանակ:
«Հաջորդ շաբաթ պատրաստ ենք ստանալով ձեր առաջարկները քննարկում կազմակերպել»,-իր հերթին պատրաստակամություն հայտնեց օրինագծի համահեղինակ Արծվիկ Մինասյանը:
Նախորդող հրապարակում`
Հայաստանի «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկում
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ