ՄԻԵԴ Մեծ պալատը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու դատավճիռ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատն այսօր հրապարակել է« Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանը ընդդեմ Ադրբեջանի» երկու գործերով վճիռները, համապատասխանաբար, Լեռնային Ղարաբաղի Բերձորի (Լաչին) շրջանից ազգությամբ քուրդ Չիրագովների ընտանիքի և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Սարգսյանների ընտանիքի՝ իրենց տները վերադառնալու և ունեցվածքի նկատմամբ իրավունքները վերականգնելու կամ արդար փոխհատուցում ստանալու վերաբերյալ:
Երկու գանգատները դատարանին էին ներկայացվել 2005 և 2006 թվականներին: Որպես Չիրագովների գործով պատասխանող կողմ ՄԻԵԴ-ը հրավիրել էր Հայաստանին:
Երկու ընտանիքները դատարանից պահանջում էին վերականգնել իրենց նախկին ունեցվածքի նկատմամբ իրավունքները, որոնք խախտվել էին 1992-1994թթ պատերազմի արդյունքում, երբ 1992թ նրանք ստիպված էին եղել լքել իրենց տները, իսկ պատերազմի ավարտից հետո նախկին բնակության վայրերը վերադառնալու հնարավորություն նրանց այլևս չէր տրվել:
Դատարանը բավարարել է կողմերի պահանջները և պարտավորեցրել Հայաստանին և Ադրբեջանին հետամուտ լինել երկու ընտանիքների խախտված իրավունքների վերականգնման հարցում: ՄԻԵԴ-ը նաև սահմանել է, որ այս երկու գործերով ընդունված վճիռները ուղենիշային են լինելու այս խնդրի առնչությամբ հետագայում ստացվելիք գանգատների վերաբերյալ որոշումներ կայացնելիս:
Չիրագովները Դատարանից պահանջում են իրենց կորցրած ունեցվածքի համար Հայաստանից գանձել վնասների փոխհատուցում՝ 7.9մլն եվրոյի չափով: Սարգսյանները Ադրբեջանից պահանջում են մոտ 570.000 եվրոյի չափով փոխհատուցում: Այս հարցի վերաբերյալ վճռի կայացումը դատարանը հետաձգել է 12 ամսով՝ կողմերին հնարավորություն տալով բանակցային ճանապարհով սահմանել երկուստեք ընդունելի փոխհատուցման չափը:
ՄԻԵԴ Մեծ պալատը Չիրագովների գործում նաև սահմանել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ունի քաղաքական, տնտեսական և ռազմական զգալի ազդեցություն, որի արդյունքում ԼՂ նկատմամբ «իրականացնում է արդյունավետ վերահսկողություն», և հետևաբար Հայաստանն է պատասխանատվություն կրում ԼՂ տարածքում տեղի ունեցող իրավախախտումների համար:
ՄԻԵԴ-ում Հայաստանից ընտրված (նախկին) դատավոր Ալվինա Գյուլումյանը ներկայացրել է հատուկ կարծիք: Հատուկ կարծիքներ են ներկայացրել ևս չորս դատավորներ:
ՄԻԵԴ Մեծ պալատի վճիռները բեկանման ենթակա չեն և փոխանցվում են ԵԽ Նախարարների կոմիտեին՝ դրանց կատարումը վերահսկելու նպատակով:
Համանման գործի՝ Լուիզիդուն ընդդեմ Թուրքիայի գործով 1996թ ՄԻԵԴ կայացրած վճռով սահմանված փոխհատուցման վճարը (մոտ մեկ միլիոն եվրո) Թուրքիան վճարեց միայն 2003 թվականին: