«Նաիրիտ»-ում հույս ունեն, որ ՀԷՑ-ը կհրաժարվի գործարանի սնանկացման պահանջից
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Նաիրիտ» գործարանի սնանկացման պահանջով դիմել է դատարան, և արդեն մի քանի անգամ շարունակվող դատական նիստերի արդյունքներով ոչինչ չի որոշվել: Երեկ դատարանը որոշել է հետաձգել նիստը մինչև սեպտեմբեր:
Նշենք, որ «Նաիրիտ»-ը ՀԷՑ-ին 1, 2 մլրդ դրամ գումար է պարտք, և ՀԷՑ-ը դիմել էր դատարան պահանջելով սնանկ հայտարարել գործարանին:
«Այժմ բանակցություններ են ընթանում ՀԷՑ-ի հետ և իմ կարծիքով, պետք է որ լավ լինի, մանավանդ որ կառավարությունը ևս շահագրգռված է, որ գործարանը վերագործարկվի: Ես համոզված եմ, որ թեկուզ մեկ տոկոս շանս լինելու դեպքում կառավարությունն ամեն ինչ կանի, որ գործարանը վերագործարկվի», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարանի իրավաբան Արմեն Աբովյանը:
ՀԷՑ-ի կողմից «Նաիրիտ»-ի սնանկացման դեմ սա արդեն երկրորդ հայցն է, բայց նախորդ անգամ գործարանը կատարել է իր պարտավորությունները սնանկ չի հայտարարվել: Այս դեպքում էլ, «Նաիրիտ»-ում հույս ունեն, որ գործարանը կկատարի իր պարտավորությունը և սնանկ չի ճանաչվի:
«Ես լավատես եմ և կարծում եմ, որ այս պայմաններում պետք է ամեն ինչ անել, որ գործարանը աշխատի: Հույսեր կան, որ լավ կլինի»,- փոխանցեց Աբովյանը: