Հայաստանում փորձում են Սահմանադրական հեղափոխություն կատարել. Կարծիքներ
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հրապարակած Սահմանադրության նախագծում մարդու իրավունքներին վերաբերող բաժինը իրավական տեխնիկայի առումով գրված է ոչ ճիշտ և այն կարելի է շտկել: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:
«Նման շտկումներ ցանկացած օրենքում անել կարելի է, բայց նման շտկումների անվան տակ իրավունք սահմանելով ու իրավունքի սահմանափակումները Սահմանադրությամբ հստակեցնելու պատրվակով անել փոփոխություններ կառավարման համակարգի հետ, պետք է լիներ անհրաժեշտություն», -հայտարարեց նա:
Նրա խոսքով, հանրությունը ու մասնավորապես, մասնագետները միանշանակ չեն ընդունել Սահմանադրության փոփոխություններ անցկացնելու գաղափարը:
«Որպես իրավաբան, ես կարծում եմ, որ խրախուսելի չէ 10 տարին մեկ սահմանադրական փոփոխություններ կատարելը»,- ասաց Տիգրանյանը:
«Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը ևս կարծում է, որ քաղաքական ճգնաժամ երկրում չկա, հետևաբար նոր Սահմանադրություն ընդունելու կարիքն էլ չկա: Բայց, նրա խոսքով, կան «մի շարք խնդիրներ», որոնք չեն լուծվել նախորդ երկու Սահմանադրությամբ: Նա մասնավորապես, հիշեցրեց, որ 2005 թվականին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը պարտավորեցրել էր Սահմանադրությամբ դատական համակարգում փոփոխություններ իրականացնել ու բարեփոխել տեղական ինքնակառավարման համակարգը:
«Դրանք երկուսն էլ կիսատ-պռատ արվեցին և ըստ էության, դատական համակարգը մեր երկրում ազատ չէ, իսկ ՏԻՄ ոլորտում Երևանի քաղաքապետի ընտրության հարցը մասնակի լուծվեց: Ինձ մոտ տպավորություն է, թե մասնագիտական հանձնաժողովը փորձում է դիսերտացիա պաշտպանել և մեզ էլ փորձում են ներքաշել այդ դիսերտացիայի պաշտպանությանը»,-հավելեց Կիրակոսյանը:
Սահմանադրության նախագծից քաղաքագետ Արմեն Գրիգորյանը եզրակացրել է, որ «փորձում են Սահմանադրական հեղափոխություն կատարել ու հաստատել միակուսակցական իշխանություն»:
Նա հիշեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հայտարարությունները, թե փոփոխվող Սահմանադրությունը մարդակենտրոն է լինելու և հավելեց. «Սա կուսակցակենտրոն Սահմանադրություն է»:
Քաղաքագետը նկատեց, որ Սահմանադրության հիմքը կառավարման մոդելը, իշխանության ձևավորման մեխանիզմներն են:
«Եթե իշխանությունը ձևավորման հարցում կան այնպիսի դրույթներ, ինչպիսին են կայուն մեծամասնությունը, ապա պետք է մոռանալ մնացած կետերի մասին», -հավելեց քաղաքագետը` ընդգծելով, որ նոր Սահմանադրությամբ փորձ է արվում ժողովրդավարական գործընթացների սահմանափակում կատարել` համաժողովրդական ընտրությունների քանակն է կրճատվելու:
Հարակից հրապարակումներ`
Վերարտադրվելու համար կիսանախագահական ու նախագահական համակարգերից ավելի լավ համակարգ գոյություն չունի. Թովմասյան
Նոր Սահմանադրությամբ նախագահը իրավունք չունի կողմնապահ լինել. Սահմանադրագետ
Հանձնաժողովի անդամները բացատրել են` ինչու է նոր խորհրդարանը ունենալու առնվազն 101 կամ ավելի պատգամավոր
Ովքեր են լինելու ընտրիչները, որոնք կընտրեն Հանրապետության նախագահին
Նոր Սահմանադրությամբ ևս, Հայաստանում ընտանիք կարող են կազմել միայն կինն ու տղամարդը
ՍԴ նախագիծը երաշխիք տալիս է դատավորների անկախության համար. Պողոսյան