Ադրբեջանցի լրագրող. «Դեպքերը խոսում են Ադրբեջանի ՊՆ-ում հանցավոր անարխիայի առկայության մասին»
«Qafqazinfo.az» ադրբեջանական կայքում հրապարակվել է Ասեֆ Գուլիևի վերլուծական հոդվածը` հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Հեղինակը գրում է. «Իմ կատարած հետազոտության ժամանակ այլանդակ փաստերի հանդիպեցի ու այդ առնչությամբ տարբեր կառույցների պաշտոնական հարցապնդումներ ուղարկեցի: Մինչ այժմ ոչ պաշտպանության, ոչ արտաքին գործերի նախարարությունները չեն պատասխանել իմ հարցերին: Արձագանքել է միայն Տարածքների վերակագնման և վերակառուցման գծով գործակալության իրավաբանը, ով ասաց, որ իմ հարցապնդումներում նշված տեղեկատվությունը գաղտնիք է, և դրա համար կարևոր է ստանալ Ազգային անվտանգության նախարարության թույլտվությունը: Համբերությամբ ունկնդրելով ինձ և արդի ժուռնալիստիկային ուղղված նրա մեղադրանքները` Ադրբեջանի Հանրապետության օրենքներից անտեղյակ այդ իրավաբանին հայտնեցի միայն, որ հարցապնդումներին պատասխանելը գործակալության` օրենքով սահմանված պարտականությունն է:
Դրանով ավարտվեց մեր զրույցը: Երևի ձեզ հետաքրքիր է, թե վերջապես ես ինչ էի հարցրել: Իմ հարցերը շատ պարզ են:
Որքան գումար է հատկացվել պետության կողմից ճակատային գծում պաշտպանական պատ կառուցելու համար,
մինչև այսօր աշխատանքի քանի տոկոսն է կատարված, կատարված աշխատանքների վրա որքան գումար է ծախսվել:
Երևի հասկացաք, թե Տարածքների վերականգնման և վերակառուցման գծով գործակալության անունից հանդես եկած իրավաբանն ինչից էր այդքան անհանգստացած: Բայց այդ մասին հետո: Այդ մասին ավելի ընդարձակ կգրեմ իմ հարցերի վերաբերյալ ստացած կամ չստացած պատասխանների հետ կապվածհետազոտությունն ավարտելուց հետո: Այժմ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ճակատային գծում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված իմ կատարած հետազոտությունը:
Թեմայով հետաքրքրվածները երևի թե տեղյակ են անցյալ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից: Այդ հայտարարության ի հայտ գալու պատճառը Հայաստանի արտաքին գործերի նախարարության ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչին ուղղված դիմումն է եղել:
Հետաքրքրություն է ծնում տեղի ունեցածի օպերատիվությունն ու կազմակերպվածությունը:
Հայկական աղբյուրների համաձայն` 3 զինվորի մահվան պատճառ դարձած միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 27-ին ժամը 04:15-ին: Ժամը 09:30-ին արդեն Հայաստանի ԶԼՄ-երը հայտնել են և’
տեղի ունեցած միջադեպի, և’ արտաքին գործերի նախարարության` ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչին ուղղված դիմումի մասին: Ապրիլի 27-ին ժամը 15:30-ին մոտ էլ հրապարակվել է համանախագահների հայտարարությունը:
Այն դեպքում, երբ Ադրբեջանը հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում, նման օպերատիվության ու կազմակերպվածության հետևում կարող է խարդախ նպատակ կանգնած լինել: Բոլոր դեպքերում` օպերատիվության և կազմակերպվածության նկատմամբ մեր կառույցների գործունեությունը պետք է ավելի արագ լիներ:
Իրականում, իմ կատարած հետազոտության արդյունքում Ադրբեջանի ՊՆ ինքնագլուխ գործունեության վերաբերյալ ի հայտ եկած և այժմ ձեր ուշադրությանը ներկայացվող փաստը տեղի է ունեցել անցյալ ամիս: Այս մասին գրել շատ դժվար էր: Սակայն, ես ինձ չեմ կարող ներել, եթե լռեմ հայկական կողմի օպերատիվության և կազմակերպվածության դեմ նման անկարգապահ գործունեության մասին:
Փաստն այն է, որ ադրբեջանական բանակի ոչ թե մեկ, այլ մի քանի զինվորների` հայկական գնդակից զոհվելու օրը Ադրբեջանի ՊՆ-ն հրադադարի խախտման վերաբերյալ ոչ մի տեղեկություն չի հրապարակել:
Մեկ անգամ ևս կրկնում եմ` մեր զինվորներն են զոհվել, բայց ՊՆ հաղորդագրություններում այդ օրն այդ ուղղությամբ հրադադարի խախտման մասին ոչինչ չկա: Հիշյալ օրը հրադադարի խախտման մասին տեղեկությոններ չկան ոչ ՊՆ, ոչ էլ երկրի առաջատար լրատվական գործակալությունների հաղորդագրություններում:
Երկու վարկած է հնարավոր.
-իրականում հրադադարը չի խախտվել: Այդ դեպքումկ հարց է ծագում, իսկ ով է մեղավոր մեր զինվորների մահվան համար
-հրադադարը խախտվել է, բայց ՊՆ-ում պատասխանատու անձինք չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունը:
Երկու դեպքն էլ խոսում են ՊՆ-ում հանցավոր անարխիայի առկայության մասին: Մի մոռացեք, որ խոսքը Ադրբեջանի զինվորի մասին է:
Ինչու եմ այդ փաստի հիշատակումը կարևոր համարում: Քանի որ շատ թե քիչ ծանոթ լինելով միջազգային կազմակերպությունների աշխատանքի սկզբունքին` գիտեմ, որ պաշտոնական աղբյուրների կողմից չհաստատված իրադարձությունները նրանց համար գոյություն չունեն: Նման իրադարձություններն ու փաստերը պաշտոնական զեկույցներ չեն մտնում:
Իրականում ես միշտ դեմ եղել մեր մեջ թշնամի որոնելուն: Բայց որոշ փաստեր պահանջում են փոքր- ինչ քննադատաբար մոտենալ ինքներս մեզ: Չմոռանանք, որ մեր բանակով հպարտանալուն զուգահեռ, պետք է խոսենք նաև սխալ գործածների մասին: Հակառակ դեպքում` մենք ոչ բանակ, ոչ էլ Ղարաբաղ չենք ունենա»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին