Փաստաբաններ. «Հարսնաքարի» գործով մինչդատական վարույթն ընթացել է բազմաթիվ կոպտագույն խախտումներով
«Հարսնաքարի» գործով Վահե Ավետյանի իրավահաջորդ փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը օգոստոսի 20-ին քսանից ավելի միջնորդություններ են ներկայացրել նախաքննություն իրականացնող մարմնին, սակայն միջնորդություն ստանալուց ընդամենը մի քանի ժամ անց քննիչ Ռուբեն Մկրտչյանը ամբողջությամբ մերժել է դրանք` փաստաբաններին փոստով ուղարկելով «ակնհայտորեն հիմնազուրկ» որոշումներ: Այս մասին ասուլիսում հայտարարեցին փաստաբանները:
Նրանք նախապես ներկայացրեցին ամբողջ պատմությունը, թե ինչ է կատարվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ու կոնկրետ` ինչ վնասվածքներ է ստացել Վահե Ավետյանը: «Գործի նյութերում առկա դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ արձանագրվել է, որ Վահե Ավետյանը ստացել է ծանր մարմնական վնասվածք, որը հանգեցրել է նրա մահվան: Չհամաձայնվելով այս հետևության հետ, մենք ի թիվս այլ միջնորդությունների, պահանջել ենք նախաքննություն իրականացնող մարմնից նշանակել կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն ու պարզել, թե արդյոք մենք գործ ունենք «տվյալ դեպքում մահվան հանգեցրած» վնասվածքներ, թե ամեն դեպքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետ: Նախաքննության մարմինը մերժել է մեր միջնորդությունը»,- ասաց փաստաբանը Եգորյանը:
Փաստաբաններն ասացին, որ իրենք միջնորդել են նաև, որ Ռուբեն Հայրապետյանին ներգրավվել որպես կասկածյալ և պատշաճ հարցաքննության ենթարկել նրան, քանի որ, ըստ փաստաբանների, վեց մեղադրյալներից հինգը այդ օրն ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին Երևանից Սևան գնալու և հետ վերադառնալու ընթացքում: Այս միջնորդությունն էլ է մերժվել, քանի որ օրենսգիրքը «որպես կասկածյալ ներգրավելու» հասկացություն չի նախատեսում, մինչդեռ, ըստ փաստաբանների, համաձայն քրեադատավարական իրավունքի տեսության` կասկածյալն այն անձն է, որը կասկածվում է հանցանք կատարելու մեջ:
«Մեր ներկայացրած միջնորդությունները պարունակում էին կոնկրետ կասկածներ և պահանջներ, որոնք քննիչը պարտավոր էր բավարարել դրանք հերքելու և համապատասխանաբար նախաքննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության հարցը կասկածից դուրս դնելու համար, սակայն նույն օրը` օգոստոսի 20-ին, նախաքննության մարմնի քննչական խմբի ղեկավար Ռուբեն Մկրտչյանը գործի մեղադրական եզրակացությունն ուղարկել է դատախազություն»,- ասաց Տ. Եգորյանը` ընդգծելով, որ դատախազությունն էլ իր հերթին, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված նորմի պահանջը, որի համաձայն փաստաբաններն ունեն երկօրյա ժամկետում այդ որոշումը դատախազին բողոքարկելու իրավունք, գործը ստանալուց երեք օր անց ուղարվել է դատարան` չսպասելով իրենց բողոքին:
«Որոշումը մեզ հանձնվել է օգոստոսի 23-ին և մեկ օր հետո մենք ներկարացրել ենք մեր բողոքը դատախազություն: Դատախազությունն իր նման գործելակերպն արդարացնում է այն անհեթեթ պատճառաբանությամբ, թե քննիչը գործին է կցել նաև մի տեղեկանք, ըստ որի փաստաբանները հրաժարվում են մերժման որոշումն առձեռն ստանալուց: Իրականում այդ տեղեկանքը սույն քրգործում առկա հերթական կեղծ փաստաթուղթն է»,- ասաց փաստաբան Տ. Եգորյանը:
Փաստաբաններն արձանագրում են, որ գործով մինչդատական վարույթն ընթացել է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի բազմաթիվ կոպտագույն խախտումներով, սակայն հայտարարեցին, որ պայքարելու են այս ապօրինությունների դեմ մինչև վերջ` ներպետական և վերպետական բոլոր ատյաններում:
Տ. Եգորյանն ասաց, որ մոտ օրերս հրապարակելու են բոլոր այն փաստաթղթերը, պայմանագրերը, ցուցմունքների այն էջերը, որոնք ստորագրել են մեղադրյալները, որպեսզի հանրությունը ինքնուրույն համադրի ստորագրությունները ու տեսնի, թե ինչ տարբեր են դրանք:
Ասուլիսին ներկա «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի և «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամները հանդես եկան հայտարարությամբ, նույնպես նշելով, որ նախաքննությունն ընթացել է կոպտագույն խախտումներով ու իրենք պայքարելու են մինչև վերջ, պահանջելու են պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին: «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է քրեական գործը դատարանի կողմից վարույթ չընդունել, միջնորդություններին ընթացք տալ ու սկսել նոր քննություն:
Իսկ «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբն էլ առաջարկում է ստեղծել հանրային արդարության տրիբունալ, որը փորձելու է իրազեկել այս գործին վերաբերող իրական ընթացքի մասին:
Նախորդող նորություն` «Հարսնաքարի» գործն ուղարկվեց դատարան