ՎՊ հաշվետվությունը ներկայացվում է ԱԺ-ին. Չկա ոլորտ, որ աղաղակող խախտումներ չլինեն
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը այս պահին Ազգային Ժողովին է ներկայացնում 2011թ-ի հաշվետվությունը ` դրա համար նրան հատկացված է մինչ մեկ ժամ ժամանակ:
Ի.Զաքարյանը ներկայացրեց բոլոր այն փաստերը, որոնք վաղուց արդեն տեղադրված են պալատի պաշտոնական կայքում` ոլորտ առ ոլորտ:
Այդպես, անդրադառնալով պետական գույքին, Ի.Զաքարյանը նշեց, որ իրենք պարզել են, որ պետական գույքը վարձակալության է տրվում շուկայական գնից շատ ցածր, իսկ մասնավորեցված գույքը չի ծառայում իր նպատակին: Բնապահպանության ոլորտի վերաբերյալ հաշվետվության հատվածում անհանգստության ու մտահոգվելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ անհրաժեշտ վերահսկողություն չի արվում վտանգավոր թափոնների փոխադրումը պատշաճ կերպով կազմակերպելու համար, համապատասխան ընկերություններն անգամ չունեն լիցենզիա:
Բարվոք չէ վիճակը նաև կրթության և գիտության ոլորտում: ՎՊ նախագահի խոսքով, մասնավորապես գիտության պետական կոմիտեում են հայտնաբերվել լուրջ խախտումներ ու ռիսկային երևույթներ, շատ դեպքերում ծախսերը հիմնավորված չեն, իսկ գիտական թեմատիկ աշխատությունների համար հատկացված գումարները ծախսվել են ոչ առարկայական և այլն:
«Հիմնական թիրախը սոցիալական ոլորտն է, քանի որ գործ ունենք պետական բյուջեի շուրջ 30 տոկոսի հատկացումների հետ: Եկամուտ ունեցող անձինք ստացել էին նպաստառուի աստիճան, իրական հաշմանդամ չհանդիսացող անձը ստացել է հաշմանդամի թոշակ և այլն»,- թվարկեց ոլորտում հայտնաբերված խայտառակ խախտումները Ի.Զաքարյանը ու ընդգծեց, որ այս հարցերը քննարկվել են հանրապետության նախագահի մոտ:
Հիշեցնենք, ոլորտի պատասխանատուն հաշվետու ժամանակահատվածում ԲՀԿ-ական նախարար Արթուր Գրիգորյանն էր:
Ինչ վերաբերում է շինարարության ոլորտին, ապա ՎՊ նախագահը նշեց, որ այս ոլորտում կան տարիներով կուտակված խնդիրներ, որոնք շարունակում են մնալ չլուծված: Այս ոլորտի վերաբերյալ ևս խախտումները զեկուցվել են նախագահ Սերժ Սարգսյանին, վերջինս հանձնարարել է, որպեսզի 2013թ-ից Վերահսկիչ պալատը անցնի պետական բյուջեի առավել ռիսկային ծրագրերի օպերատիվ վերահսկողությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան