Ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Եթե բոլորը» ֆիլմը հավակնում է «Օսկար» մրցանակի
Հայաստանի ազգային կինոակադեմիան քննարկել է ու որոշում կայացրել, որ «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակաբաշխությանը ներկայացնել «Եթե բոլորը» ֆիլմը: Panorama.am-ին այս մասին տեղեկացրեց նախագծի հեղինակ, դերասան Միքայել Պողոսյանը:
«Ակադեմիան, որն արդեն գործում է մեկ տարուց ավել, ղեկավարն է Դավիթ Մուրադյանը, ունի 40 անդամ, որոշեց, որ այս ֆիլմը պետք է ներկայացվի «Օսկարի»: Բայց նախքան այդ, ես պատահական մտա մրցանակաբաշխության կայք, որտեղ նշված է լինում նաև կազմակերպիչների եզրակացությունները, թե այս տարի որ երկիրը որ ֆիլմը ճիշտ կանի ներկայացնել: Այնտեղ նշված էր, որ նպատակահարմար է, որ Հայաստանը ներկայացնի «Եթե բոլորը» ֆիլմը: Դրանից հետո ակադեմիան որոշեց ընտրել այս ֆիլմը»,- ասաց նա:
Մ. Պողոսյանը նշեց, որ արդեն ներկայացրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամեկետը հոկտեմբերի 1-ն է, այնուհետև արդեն կինոաշխարհում ամենահեղինակավոր մրցանակաբաշխության կազմակերպիչները` Ամերիկյան կինոակադեմիան, պետք է սկսեն քվեարկությունը, որը մի քանի փուլով է լինում:
«Եթե բոլորը» ֆիլմը նվիրված է ՀՀ անկախությանն ու բանակի ստեղծման 20-ամյակին: Հերոսուհին՝ կիսով չափ հայուհի, կիսով չափ ռուս Սաշան (Եկատերինա Շիտովա), ազատամարտիկի դուստր է, ում հայրը զոհվել է ղարաբաղյան պատերազմում։ 20 տարի անց նա գալիս է Հայաստան՝ հոր գերեզմանը գտնելու և իր հետ բերած կեչին տնկելու։ Դա նրան չէր հաջողվի, եթե չգտներ հոր մարտական ընկերներին (Միքայել Պողոսյան, Վահագն Սիմոնյան)։
Ֆիլմը «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային երևանյան կինոփառատոնում ճանաչվել էր «Լավագույն հայկական» խաղարկային ֆիլմ: Նշենք նաև, որ ֆիլմը ներկայացված է լինելու «Լավագույն օտարալեզու» ֆիլմ անվանակարգում: Այս անվանակարգում «Օսկար» մրցանակի հավակնություններ ունի նաև հայազգի ռուս ռեժիսոր Կարեն Շահնազարովը իր «Սպիտակ վագր» ֆիլմով:
Նշենք, որ Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ ամենամյա այդ մրցանակաբաշխությանը մասնակցել է 2002 թվին, երբ ներկայացվել է Վ. Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» կինոնկարը:
«Օսկար 2013 » մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 24-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում