Ակադեմիական ազատությունն ու մշակութային միջոցառումները. ինչ ճանապարհ է անցել Հայաստանն այս առումով և ինչ իրավիճակում է գտնվում
«Ակադեմիական ազատությունն ու մշակութային միջոցառումները» ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների տարեկան զեկույցի անփոփոխ հատվածներից մեկն է, որը ձևական առումով ընդգրկված է խոսքի ազատության բաժնում, սակայն ինքնուրույն ոլորտ է հանդիսանում: Այս տարի հրապարակած զեկույցում Հայաստանի մասով արձանագրվել էր, որ կառավարության կողմից սահմանափակումներ չեն իրականացվել, միևնույն ժամանակ սակայն նշվել էր, որ հասարակական կազմակերպությունները քննադատել են կառավարությանը` սեռական փոքրամասնությունների իրավունքների մասին «Պարադա» ֆիլմի ցուցադրությունը չկազմակերպելու համար:
Թե ինչ ճանապարհ է անցել Հայաստանն այս առումով և ինչ իրավիճակում է` անմիջական հարևանների հետ համեմատության մեջ, առաջարկում ենք գնահատել` ծանոթանալով Հայաստանի վերաբերյալ նախորդ տարիների, ինչպես նաև մեր հարևանների վերաբերյալ այս տարվա գնահատականներին:
Եվ այսպես, 2009-ին` արձանագրելով 2008-ի իրողությունները, ԱՄՆ պետքարտուղարությունը նշել էր, որ քաղաքական հայացքների համար դպրոցներից հեռացվում են աշխատակիցներ:
Նույն խնդիրը ֆիքսվել էր նաև մեկ տարի անց` 2010-ին: Բացի այդ, զեկույցի այս բաժնում նշվել էր հետևյալը. «Տարվա ընթացքում որոշ տեղեկություններ են եղել այն մասին, որ դպրոցի ուսուցիչներ ու համալասարանական ուսանողներ իրենց քաղաքական հայացքի պատճառով հեռացվել են: Կրոնական փոքրամասնությունների տեղեկացմամբ` իրենց կրոնական հայացքի համար աշխատանքից հեռացվել են կրոնական փոքրամասնություններին պատկանող ուսուսիչներ: Եղել են նաև տեղեկություններ այն մասին, որ անհատ անձինք, ովքեր դիմել են հանրային դպրոցներում ուսուցչի աշխատատեղի համար, այն դեպքերում, երբ հայտնի է եղել կրոնական փոքրամասնության պատկանելու հանգամանքը, որպես կանոն մերժվել են»: Նշվածներից բացի, զեկույցում նշվել էր նաև, որ 2009-ի փետրվարի 25-ին ԶԼՄ-ները հաղորդել են, որ Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ղեկավարությունն չեղյալ է հայտարարել «Հիմա» խմբի նախապես հայտարարված համերգը:
2010-ի զեկույցում քաղաքական հայացքների համար հետապնդումներ այլևս չեն ֆիքսվում: Առաջ անցնելով նշենք, որ այդպիսիք չկան հետագա մնացած զեկույցներում ևս: Փոխարենը զեկույցի այս բաժնում հիշատակվում է մեկ դեպք` «Ապրիլի 16-ին Կրթության և գիտության նախարարությունը արգելել է Գեղագիտության ազգային կենտրոնում անցկացնել Տիգրան Պասկևիչյանի «Ընտրություն» ֆիլմի պրեմիերան»: Զեկույցի հեղինակները վկայակոչել են ԿԳՆ ներկայացուցիչ Արմեն Այվազյանի պարզաբանումը, ըստ որի` նախարարությունը որոշել է կառավարության որոշման համաձայն, որով արգելվում է կրոնական ու քաղաքական կազմակերպություններին տրամադրել ԳԱԿ տարածքը, բացառությամբ շահույթ չհետապնդող կազմակերպությունների: «Պասկևիչյանը բացառել է այդ դրույթի իրավաչափությունը ֆիլմի ցուցադրության դեպքում և պնդել, որ իր խոսքի ազատությունը խախտվել է: Ֆիլմն ի վերջո ցուցադրվել է ԳԱԼԱ հեռուստաընկերութամբ և ընդդիմադիր կուսակցություններին պատկանող փոքր սրահներում»,- 2011-ին գրել էին զեկույցի հեղինակները:
Իսկ արդեն հաջորդ տարի` 2012-ին հրապարակված զեկույցում ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է մեկ նախադասություն` «Կառավարության կողմից ակադեմիական և մշակութային միջոցառումների սահմանափակումների մասին ահազանգ չի եղել»:
Այս առաջընթացը որքանո՞վ է կայուն, վկայում է հաջորդ տարվա` այսինքն օրերս հրապարակված զեկույցը: Այնտեղ ևս կարդում ենք` «Ակադեմիական և մշակութային միջոցառումների նկատմամբ կառավարության կողմից սահմանափակումների մասին ահազանգ չի եղել», սակայն մեկ վերապահումով` «…թեև ՈԿԿ-ները քննադատել են կառավարությանն այն ֆիզիկական ու իրավաբանական անձանց պաշտպանելու անկարողության համար, որոնք ձգտել են համակրանք չվայելող մշակութային նյութ ներկայացնել»:
«Համակրանք չվայելող մշակութային նյութն» այս դեպքում LGBT (հապավում է, որը նշանակում է «լեսբուհիներ, գոմոսեսքուսալներ, բիսեքսուալներ, տրանսսեքսուալներ» - Panorama.am) իրավունքների մասին պատմող «Պարադա» ֆիլմն է, որն ըստ զեկույցի չի ցուցադրվել համապատասխան հարթակի բացակայության պատճառով. «Տարբեր հարթակներ, ըստ հաղորդման, հրաժարվել են ցուցադրությունն իրականացնելու համաձայնագրից` կապված անհայտ «ճնշումների» հետ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դիմել էին կառավարությանը` անվտանգության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և ֆիլմի ցուցադրության ապահովման համար համապատասխան սրահ տրամադրելու հարցով»:
Ստացվում է, որ 2008-ից ի վեր Հայաստանն այս առումով հաղթահարել է մի շարք խնդիրներ` սկսած քաղաքական հայացքների համար մանկավարժներին ու ուսանողներին հետապնդումից, վերջացրած կրոնական փոքրամասնությունների խնդիրներով:
Ինչ վերաբերում է մեր երկրի ընդհանուր վիճակին, ապա տեղին է համեմատությունը հարևան երկրների հետ: Մասնավորապես խոսքը ԵՄ «Արևելյան գործընկերության» անդամ երկրներն են:
Այս առումով ամենաշահեկան վիճակում Մոլդովան ու Ուկրաինան են: Նրանց դեպքում ԱՄՆ պետքարտուղարությունն արձանագրել է, որ կառավարությունը ակադեմիական և մշակութային միջոցառումների որևէ սահմանափակում չի իրականացրել:
Նույնը նշվում է նաև Վրաստանի պարագայում, սակայն կրկին վերապահումով` «Տտեղեկություններ են եղել ակադեմիական նշանակումների և աշխատանքից ազատման դեպքերի մասին` հատկապես հոկտեմբերին կայանալիք ընտրությունների նախաշեմին: Օրինակ, պատգամավոր Գիորգի Ծաղարեիշվիլու խոսքով` Նիկոզիի ավագ դպրոցի տնօրեն Թամազ Մալանաշվիլին աշխատանքից ապօրինի ազատման հարցով քննության ժամանակ դատարանում հայտարարել է, որ կենսաբանության ուսուցչուհի Ցիսանա Ջավախաշվիլուն աշխատանքից ազատել է այն պատճառով, որ նա «չի սիրում (նախագահ) Միխեիլ Սաակաշվիլիին»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ ուղղակի նշվում է, որ կառավարությունը սահմանափակում է ակադեմիական ազատությունը. «Օրինակ` տարվա ընթացքում իշխանությունները մերժել են 2011-ի բողոքի ակցիաներին մասնակցած երկու ուսանողների` Թուրալ Աբբասլիի և Էլնուր Մաջիդլիի հետագա փորձերը` վերականգնվելու համապատասխանաբար Բաքվի պետական և Արևմտյան համալսարաններում»: Բացի այդ, հղում անելով հասարակական կազմակերպություններին` նշվում է, որ արտերկրում ուսումնառություն ստանալու պետական դրամաշնորհները տրամադրվում են` ուշադրություն դարձնելով քաղաքացիների քաղաքական հայացքներին: Նշվում է նաև, որ ընդդիմադիր կուսակցությունները դժգոհում են իրենց համակիրների` դպրոցներում և համալսարաններում աշխատանքի տեղավորման հարցում խոչընդոտների հարուցման մասին: «Պետական կրթական հիմնարկներում դասավանդող ընդդիմադիր կուսակցությունների առավել հայտնի անդամները նախորդող տարիներին հեռացվել են աշխատանքից»,- նշված է զեկույցում:
Առավել ուշագրավ դիտարկումը կապված է ազգային փոքրամասնությունների հետ: Ըստ այդմ` Ադրբեջանում սահմանափակվում են փոքրամասնությունների մշակութային իրավունքները. «ՈԿԿ-ների հաղորդմամբ` տեղական գործադիր իշխանությունները երբեմն կանխում են փոքրամասնությունների մշակութային արտահայտումը, օրինակ` մշակութային միջոցառումների փակման միջոցով: Իր ձրբակալությանը նախորդած ամիսներին «Թոլիշի Սադո» թերթի գլխավոր խմբագիր Հիլալն Մամադովի հետ իշխանությունները կապնվել և արգելել են թալիշական զանգվածային մշակութային միջոցառման անցկացումը»:
Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա այս երկրի դեպքում խախտումներն ու դրանց օրինակները բազմաթիվ են, ուստի սահմանափակվենք միայն ԱՄՆ պետքարտուղարության գնահտականի ներկայացմամբ` «Կառավարությունը սահմանափակում է ակադեմիական ազատությունն ու մշակութային միջոցառումները»:
Ամփոփելով` ուշադրություն ենք դարձնում այն հանգամանքի վրա, որ արդեն երկու տարի Հայաստանում այս ոլորտում լուրջ խնդիրներ չեն արձանագրվում, ինչն արտացոլված է նաև ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում: Իսկ ահա հարևան երկրներից առնվազն մեկում` Ադրբեջանում, առկա են լուրջ սահմանափակումներ, և ամենակարևորը` դրանք կապված են փոքրամասնությունների մշակութային իրավունքների իրացման հետ:
Արմեն Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները