«Օձունի տաճարը վերականգնվելու և ամրակայվելու է այն տեսքով, ինչպես որ հասել է մեզ». Քննարկման արդյունքը
«Օձունի տաճարը վերականգնվելու և ամրակայվելու է այն տեսքով, ինչպես որ հասել է մեզ»: Տեղեկանում ենք մշակույթի նախարարության պաշտոնական կայքից: Ահա այսպիսի որոշում է ընդունվել Օձունի տաճարի վերականգնման նախագծի վերաբերյալ օրեր առաջ տեղի ունեցած բաց մասնագիտական քննարկման ժամանակ: Քննարկմանը մասնակցել են Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի /ԵրՃՇՊՀ/, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ճարտարապետների միության, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնի, Հայ-իտալական ծրագրի վերականգնող ճարտարապետները, արվեստաբանները, ինչպես նաև «Հազարաշեն» պատմամշակութային հիմնադրամը, մշակույթի նախարարության մասնագետները, նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամները, Ճարտարապետության ազգային ինստիտուտ–թանգարանի տնօրենը, հասարակական կազմակերպություններ և քաղաքացիներ: Մինչ բաց մասնագիտական քննարկումը, Օձունի տաճարի վերականգնման նախագիծը քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի չորս և երկու արտագնա նիստերում, ընդ որում ներկայացված են եղել քննարկման մի քանի տարբերակներ:
Ըստ աղբյուրի, բաց քննարկման որոշումը համապատասխանում է ՀՀ մշակույթի նախարարության վերջին գիտամեթոդական խորհրդի 16.04.2013 թ. կայացած նիստի որոշմանը, այն է
-Վերահաստատել եկեղեցու ծածկերի իրականացման քարե ծածկասալերով տարբերակը:
-Առաջարկել նախագծի ճարտարապետ` Մ. Հակոբյանին հնարավոր սեղմ ժամկետում, կայացած որոշմանը համապատասխան լրամշակել նախագիծը և ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարություն` համաձայնեցման:
- Վերականգնել և ամրակայել հուշարձանը այն տեսքով, ինչպես որ հասել է մեզ:
-Ի հայտ եկած գիտական խնդիրները և նյութը պահպանել, ցուցադրել և հանրահռչակել:
Հիշեցնենք, որ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը իրականացնում է Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգման և վերականգնման աշխատանքների ֆինանսավորումը համաձայն Հիմնադրամի, ՀՀ Մշակույթի նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև 23.03.2012թ. կնքված հուշագրի: Ֆինանսական միջոցները տրամադրվում են մրցութային կարգով ընտրված շինարարական ընկերությանը՝ «ԼևԳուկ» ՓԲԸ-ին:
Օձունի տաճարը արևելք-արևմուտք ձգված ուղղանկյուն շինություն է: Աղոթասրահը երկշար մույթերով բաժանվում է երեք նավերի, որոնցից միջինը ավարտվում է կիսաշրջան գծային խորանով, իսկ եզրայինները` երկհարկ ուղղանկյուն ավանդատներով: Աղոթասրահը երեք կողմերից եզերված է արտաքին սրահով: Արտաքինից երկայնական թևերը սահմանափակված են կամարաշարերով, իսկ կենտրոնական թևը` խուլ պատով: Տաճարի թմբուկը ութանիստ է: Հարուստ է քանդակներով և վիմական արձանագրություններով: Հուշարձանը կառուցված է դեղնաշագանակագույն սրբատաշ ֆելզիտից: Տաճարի հյուսիս-արևելյան մասում կանգնեցված է իր ճարտարապետական լուծումներով եզակի կոթող-մահարձան, որն իր հորինվածքային ձևերի և պատկերաքանդակների հատկանիշներով դիտվում է որպես 5-6-րդ դդ կառույց: Տաճարը և շրջակայքում գտնվող կոթողը ավելի ուշ շրջապատվել են քարե պարսպով:
Ընդհանուր առմամբ միջամտության կարիք ունեն որմնախարիսխները և հուշարձանի ծածկերը: Անհրաժեշտ է վերականգնել 1980-ական թթ. վերջերին ապամոնտաժված և խարխլված վիճակում գտնվող արտաքին երկայնական թևերը և մուտքի հատվածը:
Նախորդող նորություններ` Վ. Շերմազանյան. Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները ձախողված չեն
Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրենը ակնկալում է մշակույթի նախարարության միջամտությունը
«Օձունի վանքի վերականգնման շինարական աշխատանքները 2013թ. անցած 3 ամսում ձախողվել են»
Հայտարարվել է Օձունի վանքը վերականգնող կազմակերպության մրցույթ
Մասնավոր հատված-պետություն համագործակցություն. Վերականգնվելու է Օձուն գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան