Այսուհետ վարորդներից ոչ ոք իրավունք չունի գումար պահանջել մեքենան կայանելու համար. Այսօրվանից գործում են նոր կանոններ
Այսօրվանից ևեթ ավտոտրանսպորտային միջոցները կայանելու համար ոչ մեկին ոչ մի գումար չպետք է տրվի: Դա անօրինական է: Ոչ ոք իրավունք չունի գումար պահանջել: Կամիր թևկապավորներ այսուհետև չեն լինելու: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ու զգուշացրեց վարորդներին Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի և դրա հիման վրա Երևան քաղաքի ավագանու կողմից ընդունված որոշումների համաձայն սահմանվել և կանոնակարգվել են Երևան քաղաքում ավտոկայանատեղի կազմակերպելու գործընթացը: Այն գործում է արդեն այսօրվանից:
Ավտոկայանատեղի կազմակերպման ծառայություններն իրականացվում են մրցույթով ընտրված օպերատորի՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատր» ՓԲԸ կոնսորցիում խմբի կողմից: «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը ներկայացրեց ավտոկայանատեղի կազմակերպելու գործընթացը:
Ըստ այդմ՝
1. Վճարովի ավտոկայանատեղ է համարվում սահմանված կարգով կահավորված ավտոկայանատեղին, որի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը փակցված կլինի համապատասխան ցուցանակով:
2. Վճարովի ավտոկայանատեղ կարող է կազմակերպվել ավագանու կողմից սահմանված ընդհանուր օգտագործվող փողոցներում և հրապարակներում, բացառությամբ՝ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների:
3. Վճարովի ավտոկայանատեղերում շուրջօրյա հսկողությունը իրականացվելու է էլեկտրոնային համակարգերի միջոցով, ինչի շնորհիվ ավտոտրանսպորտային միջոցը մշտական հսկողության տակ է լինելու և անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով և ժամկետներում, նկարահանումները կարող են տրամադրվել քաղաքացուն:
4. Սահմանված կարգով կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում կայանելու համար վճարվում է տուրք, միայն անկանխիկ. այսինքն՝ վարորդից ցանկանացած կայանատեղի համար կանխիկ գումարի գանձումն արգելվում է:
5. Կայանելն անվճար է բոլոր այն վայրերում, որտեղ բացակայում են կայանումն արգելող ճանապարհային նշանները և սահմաված չէ որպես վճարովի ավտոկայանատեղ:
6. Տուրքի վճարման հսկողությունը իրականացվելու է էլեկտրոնայիան համակարգերի կիրառման միջոցով, իսկ չվճարողների նկատմամբ կիրառվելու է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ: Առանց ավտոկայանատեղի տուրքի վճարման կայանելու փաստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն և գանձնվում է տուգանք 5000 դրամ, իսկ 48 ժամից ավել առանց տուրքի վճարման կայանելու դեպքում ավտոկայանատեղիի կազմակերպչի միջոցներով ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք է տեղափոխվում:
7. Համաձայն Երևան քաղաքի ավագանու որոշման՝ Երևան քաղաքում 2013 թ համար սահմանվել է ավտոկայանատեղի հետևյալ դրույքաչափերը, որոնք ամբողջությամբ մուտքագրվելու են Երևանի բյուջե՝ 1 ժամվա համար՝ 100 դրամ, ընդ որում՝ ավտոկայանտեղում կայանելու պահից մինչև 5 րոպե տեղական տուրք չի գանձվում, յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 500 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 1000 դրամ, մեկ ամսվա համար՝ 2000 դրամ, մեկ տարվա համար՝ 12 հազար դրամ: Ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում ժամը 24.00-ից մինչև 09.00-ն կայանելու դեպքում ավտոկայանտեղի տուրք չի գանձնվում:
8. Ավտոկայանատեղիի տուրքը վճարվում է անկանխիկ ձևով, Telcell տերմինալների, բանկային փոխանցումների և բոլոր այն միջոցներով, որոնք նշված կլինեն տեղեկատվական ցուցանակների վրա, այդ թվում նաև sms հաղորդագրությունների միջոցով: Միաժամանակ, վճարողների համար վճարումները մատչելի դարձնելու նպատակով ցուցանակների վրա կլինեն նաև համապատասխան նշումներ տվյալ վայրի մոտակա վճարման տարբերակների վերաբերյալ:
Հ. Նավասարդյանն ասաց, որ Երևանում ավտոկայանատեղերի կազմակերպման գործընթացը սկսվել է հունիսից ու դեռ շարունակվում է: «Քանի որ կազմակերպումը հնարավոր չէ մեկ ամսվա ընթացքում, սկսվել է գործընթացը քաղաքի կենտրոնական հատվածից, շարունակական բնույթ է կրելու»,- նշեց նա՝ հավելելով, որ բոլոր վարչական շրջաններում նախատեսված են ավտոկայանատեղի: Նա նաև ընդգծեց, որ բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ այսուհետ գործող դրույքաչափերը շահավետ են:
Երևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանն էլ տեղեկացրեց, որ Երևանում գործող սուպերմարկետները, խանութները, բանկերը իրավունք չունեն երթևեկելի մասը սեփականաշնորհել, այսինքն իրենք իրականացնեն այդտեղ ավտոկայատեղերի կազմակերպման գործընթացը կամ գումար պահանջեն կայանման համար: Դրանք, ըստ նրա, Երևանի վարչական տարածքն է ու հսկողությունն իրականացվում է ճանապարհային ոստիկանության կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին