«Դա կոչվում է տնտեսական գենոցիդ». Քաղաքացիներն ու վարորդները` ուղեվարձի թանկացման մասին (Տեսանյութ)
Ուղեվարձի թանկացումից դժգոհում ու բողոքում են թե՛ ուղևորները, թե՛ վարորդները: «Ավելի վատ մեր համար, ուղեվարձը թանկացրին, մեր գծերի փողն էլ ավելացրին»,- ասաց թիվ 13 միկրովատուբային երթուղու վարորդներից մեկը:
23 համար երթուղայինի դուռը կնոջ ձեռքերից սահեց, գնաց ու դըըըըխկ: «Տեսա, դարձել է 150 դրամ, վատացա»,- տեղավորվելով երթուղայինում՝ բացատրեց կինը:
Երթուղայինում մի քանի մարդ ևս այդ պահին իմացավ, որ ուղեվարձը թանկացել է: Դժգոհեցին: Վարորդն էլ սկսեց:
«Տղեքն անհաց էին մնացել: Բռնին, թանկացրին: Մյուս օրվանից մեր պլան էլ դարձրել են 30 հազար դրամ, գազն էլ` մեր հաշվին»,- ասաց վարորդը:
Երթուղայինում` իմ գտնվելու ընթացքում բոլորն էլ 150 դրամ վճարեցին ու իջան: Իմ փոխարեն ուրիշը ստացավ, չեմ կարող ասել՝ հակառակ դեպքում ես ինչքա՞ն կվճարեի:
Մաշտոցի պողոտայի մի քանի կանգառներում միկրովտուբուսների, ավտոբուսների, քաղաքացիների շրջանում Panorama.am-ի հարցումներից պարզվեց, որ մարդկանց զգալի մաս 100 դրամ է վճարում:
Վարորդներն ասացին, թե չեն բարկանում. «Ի՞նչ անեմ, 50 դրամի համար հո մարդկանց չենք խեղճացնելու»:
Վարորդներից մեկն էլ նշեց, թե իրենց ասել են, որ մինչ երկուշաբթի 100 դրամով քշեն:
Մի տղամարդ մեզ հետ զրույցում այնքան վրդովվեց, որ ձեռքն ու ոտքը սկսկեցին դողալ. «Ոտքով եմ եկել: Թոշակառու եմ, 37 հազար դրամ փող եմ ստանում, ու հանկարծ՝ թանկացում՝ 50 տոկոսով: Մասաներն անաշխատանք են, ու գնում են է, գնում: Դա կոչվում է տնտեսական գենոցիդ»,- թոշակառու պապաիկը սպասեց, որ գոնե 100 դրամանոց տրոլեյբուսից օգտվի:
«Փոխարենն էժանացնեն՝ ամեն բան թանկացնում են: Մեր վզից է դուրս գալիս, ամոթ է, մեր երկիրը մենք պախարակեցինք»,-ասաց մի կին:
Ուղեվարձի թանկացումից բողոքում են նաև սեփական բիզնես ունեցողները. «Ամեն օր թանկացում, առևտուր չկա»:
Մի կին էլ առաջարկեց աշակարտների ու ուսանողների երթևեկելու համար մատչելի գներով կտրոններ տրամադրել:
«Իմ երեխան դպրոց գնալ գալու համար 300 դրամ միայն տրանսպորտի պետք է տա, բա մյո՞ւս ծախսերը»,- ասաց կինը:
Մարդիկ էլ կան, ովքեր վճարել են 150 դրամ: Նրանցից մեկն ասում է` ընտանեկան բյուջեի վրա այնքան էլ չի ազդի, «որտեղ 100 դրամը, այնտեղ էլ` 150-ը»: