Գելափ. 88.7%-ը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին
«2014թ.-ին մենք փորձեցինք հասկանալ հասարակության վերաբերմունքը կուտակային օրենքի վերաբերյալ: Մեր հարցումը իրականացվել է Երևան քաղաքում՝ հարցվողների քանակը 1066, ընտրանքը ներկայացուցչական ըստ սեռի և տարիքի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ներկայացնելով «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիայի» կողմից իրականացված «Քաղաքացիների վերաբերմունքը ներդրված կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ» հետազոտության արդյունքները, ասաց «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության հետազոտությունների բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը:
Նա նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված գովազդային արշավի շնորհիվ այս օրենքի մասին լսել է հարցվածների 93%-ը:
«Հարցվածների 88.7%-ը դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին»,-նշեց Գ. Դաջունցը:
Նրա խոսքերով, օրենքին դեմ արտահայտվողների 34.3%-ը դեմ է, որովհետև կուտակված գումարները հետ ստանալու երաշխիքներ չունեն, 32.9%-ը չեն վստահում կառավարությանը, 27.3% կարծիք են հայտնել, որ 5% պահումը աշխատավարձից բավականին մեծ գումար է:
Գ. Դաջունցն ասաց, որ օրենքին կողմ արտահայտվողների 46.2%-ը նշել են, որ կողմն են համակարգին, որովհետև պետությունը իր ներդրումն է ունենալու իր քաղաքացիների բարեկեցիկ ապագայի գործում, 44.6%-ը՝ նշել է, որ հետագայում այս օրենքի շնորհիվ իրենք բարձր թոշակներ կստան, 21.2%-ի կարծիքով, այս համակարգը զարգացած երկրներում ընդունված համակարգ է:
«Այս ցուցանիշները վառ ապացույցն են այն հանգամանքի, որ եթե հասարակությունը՝ մեր քաղաքացիները պատշաճ կերպով և բավարար ծավալով տեղեկություններ չեն ստացել կամ չեն ստանում կիրառվող համակարգի վերաբերյալ, ապա այդ տեղեկատվական վակուումը միշտ պատրաստ են տեղին կամ անտեղին լրացնել նախկին բացասական փորձառությունները՝ Խնայբանկի կորցրած գումարների բարդույթը»,-հավելեց Գ. Դաջունցը: