
Ջենգիզ Աքթար. «Հայերը Քեսաբին պատուհասած աղետը և կործանված սիրիական ինքնաթիռը դիտում են որպես 1915-ի շարունակություն»
Մարտի 21-ին Ալ-Նուսրա զինված խմբավորման իսլամիստ գրոհայինները հարձակում գործեցին Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից սիրիական Քեսաբ հայաբնակ գյուղաքաղաքի վրա: Այս իրադարձությանն անդրադարձած թուրքական ընդդիմադիր «Թարաֆ» թերթի սյունակագիր Ջենգիզ Աքթարը շեշտում է, որ Սիրիա ներթափանցած վերոնշյալ զինված խմբավորումը, ըստ խոսակցությունների, թիկունքից Թուրքիայի աջակցությունն է ստանում: Պաշտոնական Անկարան արտգործնախարարության գրավոր հայտարարությամբ շտապեց պաշտոնապես հերքել Թուրքիայի կողմից ջիհադական գրոհայիններին աջակցելու մասին լուրերը:
«Մարտի 23-ին թուրքական օդուժը կործանեց Քեսաբի օդային տարածքում Ալ-Նուսրայի գրոհայինների դեմ պայքարող սիրիական օդուժի մարտական ինքնաթիռը»,- նշում է Աքթարը:
Նա նաև հավելում է, որ թուրքական իշխանություններն աղմուկ բարձրացրին, թե օդային սահմանի խախտում է տեղի ունեցել, դրա համար էլ հարված են հասցրել սիրիական ինքնաթիռին:
Արդյունքում դարձյալ հարվածի տակ հայտնվեց քեսաբահայության կյանքի ու գույքի անվտանգությունը: Հոդվածագիրը հիշեցնում է, որ ցեղասպանություն վերապրած և ժամանակին Քեսաբում ապաստանած հայերը 1939 թվականին, երբ Թուրքիան անեքսիայի ենթարկեց Քեսաբը, արտագաղթելով մի կերպ փրկվեցին, բայց ունեցվածքի մեծ մասը թողեցին թուրքերին:
«Ու հիմա էլ, Քեսաբի հայերը զանգվածաբար լքում են գյուղաքաղաքը և ապաստանում Լաթաքիայում»,- գրում է թուրք հեղինակը:
Աշխարհասփյուռ հայերը քեսաբահայերին պատուհասած աղետը և կործանված սիրիական ինքնաթիռը դիտում են որպես 1915 թվականի շարունակություն: