1965 թվական. Պարույր Սևակին իջեցրին ամբիոնից, Հովհաննես Շիրազն էլ փակվել էր տանը
«1965 թվականին առաջին ազգային մեծագույն զարթոնքն էր և այդ զարթոնքն այնպիսի ոգևորություն էր առաջացրել մտավորականության, ժողովրդի մեջ, որ ապրիլի 24-ին հսկայական մեծ երթը սկսվեց դեպի պանթեոն»,- Panorama.am-ի հետ զրույցում հիշեց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:
«Առջևից գնում էին դրոշակակիրները: Ես հիշում եմ՝ մեր ընկերների հետ մենք հետևում էինք նրանց: Գնում էինք պանթեոն: Իշխանությունները վախենում էին ժողովրդի տարերային գործողություններից: Հանրապետության Հրապարակ էինք հասել: Պարույր Սևակը ժողովրդին ասաց՝ ձեզանից պակաս հայրենասեր չեմ, ձեզ խաղաղ պահեք: Խոսքը կիսատ մնաց բերանում, իջեցրին ամբիոնից»,- ծիծաղելով պատմեց արվեստագետը:
Մեկ այլ դեպք էլ հիշեց. «Օպերայում էինք հավաքվել: Ոստիկանությունը հետևում էր: Այդ ժամանակվա զորավոր կարգախոսն էր՝ հողերը, հողերը: Իմ տիկինն այդ ժամանակ մեծ տղայովս՝ Մհերովս, հղի էր: Լիքը ժողովուրդ կար, մտածեցի, թե ինչ պետք է անեն ոստիկանները ու բարձրաձայն ասացի՝ հողերը, հողերը: Ոստիկանները մոտեցան ու ինձ ու տիկնոջս բռնեցին: Ասում եմ՝ հասկացողություն չունեք, չեք տեսնում, որ կինը հղի է, ինձ բռնեք, իրեն թողեք»:
Ռազմիկ Դավոյանը հիշեց նաև Հովհաննես Շիրազին. «Այդ ամեն ինչի կազմակերպիչը, անմար պահողը մտավորականներն էին, Հովհաննես Շիրազի նման մարդը: Նա ամենաբորբոքուն մարդն էր: Նա իրական ապրումներ ունեցողներից էր: Իրական հայրենասիրությամբ տառապողն էր: Պատանի ժամանակվանից, դեռևս 1935 թավականին բանաստեղծություն էր գրել՝ «Ես ուզում եմ հնձվոր դառնամ, մտնեմ արտն ու հնձելով գնամ-գնամ հասնեմ Արարատին»: Մասիսը մեջը նստած էր: Պահանջատիրության, հայրենասիրության դրոշակակիրն էր: Ժողովուրդը կանչում էր Շիրազին, որ դուրս գա: Դուրս չեկավ: Հետո ասաց, որ Բաբկեն Կարապետյանն իրեն տարել էր իրենց տուն, ասել էր դուրս չգաս, վտանգավոր է: Նա մի քիչ ժողովրդական հեղեղից վախեցել էր, ժողովուրդը կբզկտեր, կճմռթեր նրան ու մի կողմ կգցեր»:
«Հետո արդեն տեղի ունեցան հայտնի դեպքերը, ջրի մեքենաներ բերեցին ու ցրեցին ժողովրդին: Շատ խստություն չեղավ: Ահագին մարդ հավաքեցին, երիտասարդներ էին, ովքեր անհարկի ակտիվություն էին ցուցաբերում, բայց մեկ օրից բաց թողեցին: Իշխանությունները վախենում էին, թե ինչ պատասխան պետք է տան Մոսկվայի առջև, միաժամանակ նրանք նույնպես ներքուստ ունեին հարգանքը: Ազգային թեթև ջիղը մեջները կար, որը խորը նստած է լինում, նման դեպքերում բացվում է, մեծանում է: Խորհրդային շրջանի վերջին 20-25 տարվա Հայաստանի ղեկավարներն ազգային զգացողությամբ օժտված էին: Իհարկե, դա կապված էր նաև անհատի պաշտամունքի ջախջախման հետ: Եթե նրանց մեջ չլիներ դա, ազգային զարթոնք չէր լինի»,- ասաց Ռազմիկ Դավոյանը:
Նախորդող հրապարակում՝
«Կյանքը ցույց է տվել՝ հենց պետությունն իր ձեռքը դնում է ինչ-որ բանի վրա, շատ բան՝ բնական, կորում է». Ռուբեն Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները