Թուրքերը դիմել են Իրանի հյուպատոսարան, պահանջում են Թեհրանում չցուցադրել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը
«Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASİMDER) հորջորջված թուրքական կազմակերպությունն իր բողոքն է հայտնել ապրիլի 24-ին Թեհրանում Հայոց ցեղասպանության մասին ցուցադրվելիք ֆիլմի կապակցությամբ և իրանական կառավարությունից պահանջել էկրան չբարձրացնել այդ ֆիլմը:
Միության նախագահ Գյոքսել Գյուլբեյն անընդունելի է համարել այն, որ իսլամական երկրներից մեկը մյուսին ցեղասպան պետություն անվանի և թույլտվություն տա ցուցադրել ցեղասպանության մասին պատմող ֆիլմ:
Ըստ թուրքական լրատվամիջոցների` «ASİMDER»-ի անունից նամակ է ուղարկվել Էրզրումում գործող իրանական հյուպատոսարան:
«Իգդիրի բնակչությունն Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության հարաբերությունները չվտանգելու համար պահանջում է չեղյալ հայտարարել Թեհրանում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրման թույլտվությունը»,- ասված է նամակում:
Հիշեցնենք, որ ծրագրված է ապրիլի 24-ին Իրանի մայրաքաղաքում կազմակերպել կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Արմին Վեգներ` Ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմի ցուցադրությունը, իսկ այնուհետև հեռարձակել իրանական հեռուստաալիքներից մեկով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան